Հասարակություն

Ինչ պայմաններով կարող են կույր քաղաքացիները օգտվել բանկային քարտերից

Ինչ պայմաններով կարող են կույր քաղաքացիները օգտվել բանկային քարտերից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ բանկերը կույր քաղաքացիներին քարտեր չեն տրամադրում։ Radar Armenia-ն կենտրոնական բանկից հետաքրքրվեց՝ այդ պարագայում կույրերին քարտ տրամադրելու հարցում ի՞նչ կարգավորումներ կան։

«Բանկերն իրենց ծառայությունները մատուցելիս ուղղորդվում են օրենսդրությամբ։ Կույրերի հետ գրավոր գործարք կնքելիս նրանք պարտավոր են պահանջել երրորդ անձի և նոտարի ներգրավվածություն»,-Radar Armenia-ի գրավոր հարցմանը ի պատասխան ասացին կենտրոնական բանկից։

Ըստ բանկի տեղեկության՝ տվյալ խնդիրների կարգավորման նպատակով բանկերը փորձում են քաղաքացիների համար գտնել երկուստեք ընդունելի մոտեցումներ՝ առաջնորդվելով քաղաքացիական օրենսգրքի և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի դրույթներով։ «Ըստ որոնց՝ սպասարկումն իրականացվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից վավերացված պատրոնաժ (օգնական) սահմանելու վերաբերյալ որոշման կամ նոտարի կողմից վավերացված լիազորագրի հիման վրա»,-նշեցին ԿԲ-ից։

Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «եթե քաղաքացին ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող իր ձեռքով ստորագրել, ապա նրա խնդրանքով գործարքը կարող է ստորագրել այլ քաղաքացի։ Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող այլ պաշտոնատար անձ՝ նշելով այն պատճառները, որոնց ուժով գործարք կնքողը չի կարողացել այն ստորագրել»։

Radar Armenia-ն նաև փորձեց պարզել՝ այդ քարտերը սովորակա՞ն են, թե՞ կույրերի համար հատուկ հարմարեցված (օրինակ՝ համապատասխան Բրայլի գրով)։ Կենտրոնական բանկից շեշտեցին, որ կույրերի բանկային սպասարկման հարցը քննարկվում է կառավարության գործընկերների, այդ թվում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման տեսանկյունից։

«Քննարկումների արդյունքում կենտրոնական բանկը հանդես է եկել առաջարկներով՝ ֆինանսական համակարգից օգտվելու համար հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել բարենպաստ և մատչելի պայմաններ ապահովելու առումով, որոնց համաձայնեցումը և ներդրումը հնարավոր կլինի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ»։

Ինչպես նշվում է, ֆինանսական համակարգը որդեգրել է սպառողակենտրոն քաղաքականություն և իր հնարավորությունների սահմաններում մշտապես ձգտում է բարելավել բոլոր խմբերի քաղաքացիների հասանելիությունն ու սպասարկման որակը՝ մասնավորապես թվային և հեռավար սպասարկման, հեռավար նույնականացման գործիքների և այլ համապատասխան լուծումների միջոցով։ «Ներառականության արդյունավետությունը կախված է լիազոր մարմինների կողմից միասնական ստանդարտների ձևավորումից և ստանդարտների համատարած կիրառումից, որպեսզի ապահովվի համահունչ մոտեցում բոլոր ոլորտներում (այդ թվում՝ առողջապահություն, կրթություն, սոցիալական ծառայություններ, տրանսպորտ, հանրային ծառայություններ և այլն)»,-հայտնեցին ԿԲ-ից։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական