Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ են կցորդով բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Լուսաղբյուր գյուղից մինչև Ջաջուռի ոլորաններ հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Երասխի շրջադարձից մինչև Զանգակատուն հատվածը փակ է բեռնատարների համար։
Արարատի, Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Արագածի, Ապարանի, Աշոցքի, Անիի, Ամասիայի, Սևանի, Ճամբարակի, Վանաձորի, Թումանյանի և Սիսիանի տարածաշրջաններում, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:
Մ-2 ավտոճանապարհին՝ Արարատի մարզի հատվածում, Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։ ՀՀ ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։