Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Գոռ Դ․-ի վարած «Tesla» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Ա․-ի վարած «BMW» մակնիշի, Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ս․-ի վարած «Hongqi» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 20-ամյա Ներսես Մ․-ի վարած «Kia» մակնիշի և Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Ղ․-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։