Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին, որը տեղի է ունեցել Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում:
Վոլեյբոլի լիգան անցկացվել է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ, երկու տարիքային խմբերի դպրոցականների միջև՝ 6-7-րդ դասարաններ (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ), 8-9-րդ դասարաններ (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ): Մրցաշարի համայնքային փուլին մասնակցել է 443 դպրոցի 5067 աշակերտ:
Վոլեյբոլի լիգայի մրցանակային տեղեր գրաված յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի 9 անդամները և ֆիզկուլտուրայի ուսուցիչը պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:
Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն դրամով և 3-րդ տեղը՝ 1,5 մլն դրամով: Պարգևատրվել են նաև դպրոցի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար դրամ և 3-րդ տեղ՝ 300 հազար դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում պարգևատրվել են դրամական մրցանակներով․ 1-ին տեղ՝ 9 աշակերտ՝ 150-հազարական դրամ, 2-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 100-հազարական դրամ, 3-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 75-հազարական դրամ:
Եզրափակիչ փուլում 1-ին տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 177 հիմնական դպրոցը, 2-րդ տեղը՝ Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի Լուսակունքի միջնակարգ դպրոցը, 2-րդ տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 177 հիմնական դպրոցը, 2-րդ տեղը՝ Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արմավիրի մարզի Արազափի միջնակարգ դպրոցը:
Հաղթող թիմերին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Պարգևատրման արարողությունից հետո վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին վոլեյբոլի լիգայի առաջին մրցաշարի անցկացման առիթով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է բավարար ենթակառուցվածքներ չլինելու պարագայում վոլեյբոլի լիգա անցկացնելու մտահոգություններին և նշել, որ այսօրվա մրցաշարն իր մթնոլորտով, ներկաների էմոցիաներով և նաև երեխաների խաղի մակարդակով ցույց է տվել, որ, այնուամենայնիվ, վոլեյբոլի մարզաձևի ավանդույթները պահպանվել են, և որոշումը ճիշտ է եղել:
Հաջորդիվ՝ Կառավարության ղեկավարն անդրադարձել է «Վարչապետի գավաթի» գաղափարին, ընդգծել, որ հիմա արդեն անցկացվում է վեց մրցաշար և այդ մրցաշարերը լինելու են շարունակական: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Կառավարության կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի բոլոր կառուցվող դպրոցներում լինեն անհրաժեշտ մարզական ենթակառուցվածքներ և ապահովվի հասանելիության հավասար մակարդակ:
Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին մրցաշարի անցկացման առիթով, ինչպես նաև շնորհակալություն հայտնել վոլեյբոլի ավանդույթները պահպանելու համար: