Հունվարի 1-ից դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի գինը կկազմի 2,5 դրամ (առանց ԱԱՀ)` ներկայիս 3,5 դրամի (առանց ԱԱՀ) փոխարեն: Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 25-ի Կառավարության նիստում։
Որոշմամբ առաջարկվող գինը նախատեսվում է կիրառել առաջիկա 3 տարիների ընթացքում։ Նշված ժամկետի ավարտից հետո, եթե նոր գին չսահմանվի, կշարունակի գործել նույն՝ 2,5 դրամ արժեքը։
Միաժամանակ, նույն որոշմամբ, դրոշմավորման ծածկագրերի որոշակի քանակի համար գինը կսահմանվի 0,01 դրամ (առանց ԱԱՀ)։ Նշված քանակը յուրաքանչյուր հարկ վճարողի համար կորոշվի առանձին՝ 2025 թվականի ընթացքում վերջիններիս կողմից ձեռք բերած դրոշմավորման ծածկագրերի քանակը բաժանելով 2,5-ի։
Այսինքն, եթե տնտեսվարողը 2025 թվականի ընթացքում 3,5 դրամով ձեռք է բերել, օրինակ, 1000 հատ դրոշմավորման ծածկագիր, ապա այդ թիվը բաժանվում է 2,5-ի և ստացված 400 թվաքանակով ծածկագիրը տվյալ տնտեսվարողը 2026թ․ հունվարի 1-ից կկարողանա ձեռք բերել 0,01 դրամով։