Կառավարությունը սահմանել է մինչև 2026 թ. հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թ. հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրելու կարգը: Արդյունքում՝ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել ՀՀ-ում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքված աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։
Թվային համակարգը հնարավորություն կընձեռնի աշխատողներին ունենալու օրենսդրությամբ նախատեսված պահանջներին բավարարող աշխատանքային պայմանագրեր, աշխատողն ինքնուրույն կկարողանա հսկել իր աշխատանքային հարաբերություններից բխող իրավունքների պահպանված լինելու հանգամանքը և զերծ մնալ անօրինական աշխատանքում ներգրավվելու դեպքերից կամ շահագործումից։ Թվային համակարգին հասանելիության շնորհիվ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը: