Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի իրականացման կարգը և մոնիտորինգի ցուցանիշները հաստատելու մասին որոշումը։
Նախագծով առաջարկվում է հստակ սահմանել մթնոլորտային օդի որակի պետական մոնիտորինգի իրականացման, տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և հանրությանը տեղեկատվության տրամադրման կարգը։ Նախատեսվում է, որ օդի որակի պետական մոնիտորինգը և տվյալների պաշտոնական հրապարակումը կիրականացնի բացառապես շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Նախաձեռնությամբ սահմանվում է օդի որակի ինդեքսի կիրառումը, ինչպես նաև օդի աղտոտվածության դեպքում հանրության, զգայուն և խոցելի խմբերի իրազեկման ու նախազգուշացման մեխանիզմները։ Որոշման նախագիծը մշակվել է ԵՄ օրենսդրությանը մասնակի մոտարկման շրջանակում, իսկ ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսվում է 2030 թվականի հունվարի 1-ը։