Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունները մարդու դեմ ուղղված ծանրագույն և վտանգավոր հանցատեսակներից են, որոնք ոչ միայն մարդկային կյանքեր են խլում, այլև խաթարում հասարակական կարգն ու անվտանգությունը՝ առաջ բերելով հանրային հնչեղություն, և խիստ գործիքակազմով վերահսկողության անհրաժեշտություն։
Հանրային անվտանգության ապահովման հանձնառությամբ՝ ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ծառայություննների՝ Համայնքային և Քրեական ոստիկանությունների, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումները 24/7 ռեժիմով իրականացնում են ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման հետևողական աշխատանք։
Համայնքային ոստիկանության ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից Երևանում և մարզերում առգրավվել, հայտնաբերել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր՝ 1․360 հրազեն։
Հանցավարության դեմ պայքարի մարտահրավերներին արդյունավետ հակազդելու նպատակով շարունակական աշխատանք է իրականացնում նաև Քրեական ոստիկանությունը․ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 398 միավոր հրազեն։
Պարեկային ծառայության ստորաբաժանումների ծառայողները շուրջօրյա ծառայության ընթացքում ոչ միայն ապահովում են հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության անվտանգությունը, այլև հայտնաբերում են զենք- զինամթերք, բացահայտում տարաբնույթ հանցագործություններ։
Հունվարի 1-ից դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Պարեկային ծառայության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի կողմից հայտնաբերվել է 198 միավոր զենք։
Նոյեմբերի 1-ից գործում է ոստիկանության չորրորդ հենասյունային ուղղությունը՝ Ոստիկանության գվարդիան՝ պետության անվտանգության համակարգում բացելով նոր էջ։ Պատասխանատու լինելով հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար՝ Գվարդիայի ծառայողները մեկամսյա ծառայության ընթացքում արդեն հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի 5 դեպք:
Միաժամանակ, առգրավվել, հայտնաբերվել և կամավոր հանձնվել է տարբեր տրամաչափի 74 844 փամփուշտ, 223 միավոր սառը զենք, 605 նռնակ, 424 նռնակի պայթուցիչ, 90 արկ, 273 պայթուցիկ սարք, 208 պայթուցիկ նյութ և 11 293 միավոր այլ ռազմամթերք:
Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
ՆԳ նախարարությունը հետևողականորեն շարունակելու է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացը՝ քաղաքացիների համար ապահովելով առավել անվտանգ միջավայր։