Wizz Air ավիաընկերությունը 2026 թ․ հունիսի 12-ից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր շաբաթը 2 անգամ երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել wizzair.com կայքում և ընկերության բջջային հավելվածում՝ սկսած 48,99 ԱՄՆ դոլլարից։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է․ «Մեծապես կարևորում ենք Երևան-Լոնդոն ուղիղ չվերթերի մեկնարկը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հաղորդակցությունների ընդլայնման ուղղությամբ։ Այսօրվա իրադարձությունը ՀՀ կառավարության օդային ոլորտը զարգացնելուն միտված քաղաքականության արդյունքն է։ Վստահ եմ, որ այս նոր երթուղին նոր հնարավորություններ կբացի քաղաքացիների համար, ինչպես նաև կզարգացնի տուրիզմը։ Հաջորդիվ ևս շարունակելու ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տրանսպորտային հասանելիության և միջազգային համագործակցության ընդլայնմանը»։
«Մենք մեծ ուրախությամբ մեր երթուղային ցանցում ավելացնում ենք Լոնդոնի ուղղությունը Հայաստանից։ Սա արդեն իններորդ նոր երթուղին է, և ընդհանուր առմամբ մենք կգործարկենք 18 երթուղի դեպի 10 երկիր։ Մեր գործունեության յուրաքանչյուր նոր ընդլայնմամբ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ուղևորներին ապահովելու ավելի լայն ուղղությունների ընտրանի և ճանապարհորդության առավելագույն հարմարավետություն՝ միաժամանակ պահպանելով մատչելի սակագներն ու թռիչքների բարձր հուսալիությունը»,- ընդգծել է Wizz Air ընկերության կորպորատիվ և կայուն զարգացման հաղորդակցությունների ղեկավար Անաստասիա Նովակը։
«Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը հզոր խթան է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների խորացման համար։ Այս չվերթները մեր քաղաքացիների միջև կապը կհեշտացնեն՝ ամրապնդելով
մարդկանց միջև շփումների ամրապնդմանը և խթանելով համագործակցությունը զբոսաշրջության, կրթության, մշակույթի և գործարար ոլորտներում։ Այս նոր երթուղին արտացոլում է Հայաստան–Մեծ Բրիտանիա հարաբերությունների խորացման միտումը և ստեղծում է նոր հնարավորություններ երկու երկրների միջև հետագա համագործակցության համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։