Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացել է հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը ներկայացրել է ընթացիկ տարվա գործունեության արդյունքում արձանագրված հիմնական ձեռքբերումները՝ նշելով, որ բուհը բարելավել է իր դիրքերը համալսարանների Webometrics Rranking of World Universities և EduRank վարկանիշավորման սանդղակներում: Նա կարևորել է բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի բարելավմանը միտված աշխատանքները, ելքային արդյունքների և մեթոդական բաղադրիչի համադրելիության ապահովումն ու բուհի առաջնահերթություններին և ռազմավարական նպատակներին միտված փոփոխությունների իրականացումը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ փոփոխությունները պետք է բխեն Հանրակրթության պետական չափորոշչի տրամաբանությունից՝ հաշվի առնելով դպրոցի այսօրվա պահանջները: Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է պատրաստել ուսուցիչներ, որոնք տիրապետում են անհրաժեշտ գործիքակազմին՝ գնահատման և էլեկտրոնային համակարգին, դասավանդման մեթոդներին, ունեն բավարար հմտություն և գիտելիք՝ Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան դասավանդում իրականացնելու համար։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև կրթական ծրագրերի համադրելիությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքին, «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ կնքված պայմանագրին` ընդգծելով, որ բուհի հետագա ռազմավարական ծրագիրը ևս անհրաժեշտ է կառուցել այդ սկզբունքով։
Հոգաբարձուների խորհրդի նիստում կարևորվել են նաև ԲՏՃՄ մասնագիտությամբ ընդունված ուսանողների թվաքանակի և նրանց հետագա մանկավարժական գործունեություն ծավալելու վերլուծությունն ու վիճակագրությունը, դրա արդյունքում ընդունելության կարգում հնարավոր փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ 3 տարի դպրոցում ուսուցիչ աշխատելու պարտադիր պահանջի սահմանումը։
ՀՊՄՀ ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը նշել է, որ բուհում վերանայվել է մանկավարժական պրակտիկաների ձևաչափը, շեշտադրվել է հետազոտական-նախագծային աշխատանքների դերը, իսկ հաջորդ տարում նախատեսվում են փոփոխություններ մասնագիտությունների ուսումնական պլաններում, մագիստրոսական կրթական ծրագրերում։
Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է Մանկավարժական համալսարանի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև 2026 թվականի բյուջեի նախահաշիվը:
Քննարկվել են նաև ընթացիկ մի շարք հարցեր։