Հայաստանի կինոգործիչների միությունում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2025 թվականին կինոոլորտում իրականացված ծրագրերին:
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հայկական կինոյի համար աննախադեպ մի իրադարձության. 2 ամիս Ֆրանսիայի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում ցուցադրվել են կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմերը: Վավերագրական կինոյի ֆրանսիական և միջազգային հեղինակավոր մի շարք ընկերությունների առաջարկով Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստրում» ներառված «Վավերագրական ֆիլմերի հավաքածու» նախագծում ընդգրկելու համար:
Շնորհավորելով նշանակալի իրադարձության առիթով՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ողջ գործընթացում պետական աջակցությունն ու գնահատանքը. 2025 թ. սեպտեմբերի 21-ին Հարություն Խաչատրյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով. «Սա ևս մեկ հնարավորություն է բարձրացնելու մեր կինոարվեստի տեսանելիությունը՝ այն դարձնելով համաշխարհային ժառանգության մաս։ Շատ ուրախ եմ, որ այս զարգացումները նաև վկայում են մեր երկրում կինոյի ոլորտի դինամիկ զարգացման մասին»։
Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ Հարություն Խաչատրյանի ամենակարևոր վաստակը, բացի նրա արվեստից, երիտասարդների համար դրսևորվելու հարթակներ ձևավորելն է, ինչը նաև պետական քաղաքականության առաջնային ուղղություններից է:
Նախարարի խոսքով` մի խումբ երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր հաջողություններ են գրանցել ամենատարբեր միջազգային հեղինակավոր հարթակներում։ Հիշատակվել է Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը, որն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» բաժնում, իսկ «Արտոյի երկիրը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ներկայացվել է Լոկառնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնում՝ որպես բացման ֆիլմ։ Նատալիա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը ընդգրկվել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ ծրագրում և արժանացել երրորդ մրցանակի, նույն ֆիլմը Սարաևոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակի, իսկ Թեհրանի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնում՝ լավագույն անիմացիոն ֆիլմ մրցանակի: Զաքար Էմիրջյանի և Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր Անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում:
«Սրանք իսկապես կարևոր ձեռքբերումներ են, որոնք, վստահ եմ, ոգևորելու են մեր մյուս ռեժիսորներին՝ առաջ գնալու և կերտելու իրենց հաջողությունների պատմությունը։ Ուրախ եմ, որ նախորդ տարվանից արդեն ունենք պետության կողմից գործարկված դրամական խրախուսման կարգ: Բոլոր այն արվեստագետները, որոնք նշանակալի հաջողություններ են գրանցում միջազգային հեղինակավոր փառատոներում և հարթակներում, արժանանում են նաև պետության կողմից գնահատման՝ դրամական խրախուսման ձևով: Շատ կարևոր փոփոխություն էր կինոյի ոլորտում ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրումը, որով, համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների, սահմանվել է ներդրումների վերադարձի հնարավորությունը։ Կառավարությունն արդեն հաստատել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` տեղեկացնելով, որ մասնակի վերադարձի երկու հայտ արդեն հավանության է արժանացել, դիտարկման փուլում է ևս վեց հայտ:
Նախարարի նշմամբ՝ ներկայում շրջանառվում է նաև «Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքից: Նոր կարգավորումը կնպաստի կինեմատոգրաֆիայում կառավարման արդյունավետության բարձրացմանը, ազգային ֆիլմերի ցուցադրմանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում գովազդային բաղադրիչի կարգավորմանը, պետական աջակցության նպատակային ծախսի վերահսկմանը և շուկայի ակտիվացմանը:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կինոժառանգության պահպանման աշխատանքներին՝ նշելով, որ պետական աջակցությամբ Հարություն Խաչատրյանի՝ Պոմպիդուում ցուցադրված ֆիլմերը ևս թվայնացվել են: Այս տարի 81 միլիոն դրամ է հատկացվել 13 ֆիլմի թվայնացման և վերականգնման համար. «Սա շարունակական քաղաքականություն է: Մենք Կինոյի հիմնադրամի հետ նաև մշակել ենք մի շատ կարևոր ծրագիր, որը վերաբերում է կինոժառանգության պահման պայմաններին։ Ցավոք, այսօր լավագույն պայմանները չունենք, ու կարևոր է, որպեսզի համապատասխան ներդրումներ արվեն կինոժառանգության պահպանման պայմանների ապահովման համար»:
Եզրափակելով խոսքը՝ նախարարն իրազեկել է նաև, որ Վահան Տերյանի 140-ամյակի շրջանակում նախատեսվում է նրա մասին պատմող ֆիլմի ստեղծում, որը հայ կինոարվեստը կհարստացնի ևս մեկ գլուխգործոցով: Կառավարության վերջին նիստում այդ նպատակով համապատասխան հատկացում է արվել:
Հարություն Խաչատրյանը, անդրադառնալով Վահան Տերյանի մասին պատմող ֆիլմի ստեղծմանը, տեղեկացրել է, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ռեժիսորը դեռ 15 տարի առաջ է Տերյանին նվիրված ֆիլմ նկարահանելու հայտ ներկայացրել, սակայն չի հաջողվել. «Վահան Տերյանին նվիրված կինոնկարը պետք է նկարահանվեր մեր առաջին ֆիլմերի հետ մեկտեղ, քանի որ նման մարդ, նման հանճար քիչ կա աշխարհում: Հունվարի 14-ին մեկնելու ենք Ջավախք՝ Տերյանի գյուղ, որտեղ չորս կամ հինգ օր նկարահանումներ ենք իրականացնելու։ Նկարահանումներ են նախատեսվում նաև Օրենբուրգում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Թբիլիսիում, Էջմիածնում և այլուր։ Բավականին մեծ ու ծանր աշխատանք է։ Հույս ունեմ, որ պատվով կկատարենք»:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի նշմամբ՝ կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ցուցադրությունը Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում բացառիկ իրադարձություն էր: Ցուցադրությունների օրերին Հարություն Խաչատրյանը վարպետության դասեր է անցկացրել` հարց ու պատասխան ձևաչափով:
Վարվառա Հովհաննիսյանը ներկայացրել է միջազգային հարթակներում իրականացվելիք նախագծերն ու առաջիկա համագործակության ծրագրերը: