Հասարակություն

ԲՏԱ ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիրների աստղերի բացման արարողություն

ԲՏԱ ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիրների աստղերի բացման արարողություն

Դեկտեմբերի 22-ին Ինժեներական քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022, 2023 և 2024 թվականների դափնեկիրների անունները կրող աստղերի բացման արարողությունը։ 

Այս մասին հայտնում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Մրցանակակիրներն են՝ Adobe ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթին և AIPLAB կոնսորցիումի հիմնադիր դոկտոր Յոշիակի Դայմոն Հագիվարան:

Ողջունելով և շնորհավորելով մրցանակակիրներին՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ ՀՀ կառավարության և տեխնոլոգիական համայնքի մոտեցումների կենտրոնում անհատն է՝ որպես նորարարության, առաջնորդության և համամարդկային արժեքների ստեղծող։ Նրա խոսքով՝ այն անհատները, որոնք իրենց գիտելիքով, նախաձեռնությամբ և նորարարական մտածողությամբ նպաստում են տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը, արժեք են ձևավորում ոչ միայն իրենց կազմակերպությունների, այլև ողջ մարդկության համար։

Հանդիսավոր արարողությանը ելույթով են հանդես եկել նաև Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը,  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի նախկին դեսպան Մասանորի Ֆուկուշիման, ինչպես նաև Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գևորգյանը:

Միջոցառման ավարտին Ինժեներական քաղաքի Փառքի արահետում ի պատիվ դափնեկիրների տեղի է ունեցել վերջիններիս անունները կրող աստղերի հանդիսավոր բացումը: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական