Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպեցի գործընկերոջս՝ արտաքին առևտրի և ներդրումների նախարար Հասան Ալ-Խատիբին։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Քննարկեցինք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորելով ներդրումների իրականացումը կրթության ոլորտում՝ առաջարկեցի դիտարկել Եգիպտոսում TUMO կենտրոնի ստեղծման հնարավորությունը։
Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով երկուստեք կարևորվել է գործարար շրջանակների միջև B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը։ Մտքեր են փոխանակվել նաև դեղագործական արտադրության և զբոսաշրջության ոլորտներում գործակցության վերաբերյալ։
Անդրադարձա նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար և հրավիրեցի Հասան Ալ֊Խատիբին մասնակցելու 2026թ. նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին»,- գրել է Պապոյանը։