ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրեն Ա. Կ.-ն իր օգտին գործողություն կատարելու համար դիվանագիտական բարձր պաշտոն զբաղեցնող անձ Լ. Ս.-ին, մինչ այդ վերջինիս հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2014 թվականին որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք, ապա՝ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Լ. Ս.-ի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշյալ գույքի ծագման աղբյուրը և իրական պատկանելությունը թաքցնելուն ու խեղաթյուրելուն։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն, ընդունելով իրեն պատկանող ընկերության կողմից Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար կայանալիք մրցույթին հաղթելու և կառուցապատման գործընթացին մասնակցելու Լ. Ս.-ի առաջարկը, իր հերթին պատրաստակամություն է հայտնել հետագայում նույն տարածքում իր կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքից որոշակի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել Լ. Ս.-ին:
Այնուհետև, խոստացված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը Լ. Ս.-ին փոխանցելու նպատակով, Ա. Կ.-ն նախաձեռնել է վերջինիս հետ փոխկապակցված անձի և տվյալ տարածքի սեփականատերերի միջև իրավունքի առուվաճառքի ձևական պայմանագրի կնքման գործընթաց, որի արդյունքում Լ. Ս.-ին որպես կաշառք փաստացի տվել է Երևան քաղաքի Աբովյան, Արամի, Նալբանդյան և Պուշկին փողոցների հատվածում կառուցվող բնակելի շենքի՝ ընդհանուր 200 քմ մակերեսով, առնվազն 22.872.000 ՀՀ դրամին համարժեք բնակարանի ձեռքբերման իրավունք:
Արդյունքում՝ 2014 թվականի հունիսի 16-ին, բնակարանի նկատմամբ գրանցվել է Լ. Ս.-ի հետ փոխկապակցված անձի սեփականության իրավունքը: Այդ կերպ Ա. Կ.-ի օժանդակությամբ փաստացի Լ. Ս.-ին պատկանող բնակարանն օրինական քաղաքացիաիրավական գործընթացների շղարշի ներքո օրինականացվել է:
Կաշառք տալու և փողերի լվացմանն օժանդակելու համար Ա. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ա. Կ.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։