Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ավետիք Դարբինյանը, ՏԿԵ նախարարի խորհրդական Դավիթ Թունանյանն ու Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը «Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակազմին են ներկայացրել Ընկերության նորանշանակ տնօրեն Տիգրան Վարդանյանին։
ՏԿԵ փոխնախարար Ավետիք Դարբինյանը շնորհակալություն է հայտնել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Աղվան Բեգլարյանին՝ այդ ընթացքում պատասխանատվության բեռը պատվով տանելու համար, ընդգծելով, որ Տիգրան Վարդանյանի նշանակումը կնպաստի միասնական ջանքերով Ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գործընթացների օպտիմալացմանը։
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն էլ շնորհավորելով Տիգրան Վարդանյանին՝ կարևորել է վերջինիս բազմամյա մասնագիտական փորձն ու համակարգում կուտակած գիտելիքները, համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն ոլորտում իրականացվող առողջացման և բարեփոխումների քաղաքականությանը։
Տիգրան Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար՝ նշելով, որ պատրաստ է իր ամբողջ ներուժը ներդնել «Ջրառ» ՓԲԸ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, կառավարման գործընթացների կատարելագործման, առկա մարտահրավերների համակարգված հաղթահարման և ջրային ոլորտում կայուն, արդյունավետ և երկարաժամկետ արդյունքների ապահովման ուղղությամբ։