Հասարակություն

Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում

Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառուները կստանան կարգով նախատեսված ֆինանսավորումը: Այդ նպատակով Կառավարության որոշմամբ 311 մլն 348 հազար դրամ գումար է հատկացվել` վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում:

Տրանսպորտային ծախսի փոխհատուցումը տրվում է մարզերում տեղակայված հաստատությունների մանկավարժական աշխատողներին (ներառյալ՝ զինղեկներին, ուսուցչի օգնականներին, հատուկ մանկավարժներին և հոգեբաններին), որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ-ից ավելի հեռավորությամբ տեղակայված բնակավայրի դպրոցում` նվազագույնը 0,5 հաստիքային դրույքով: Ուսուցչի 0.5 և ավելի հաստիքային դրույքով ծանրաբեռնվածության պահանջը չի տարածվում Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի հաստատություններում աշխատող մանկավարժների վրա:

Տրանսպորտային ծախսի փոխհատուցում է տրվում նաև մարզերի այն սովորողներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում տվյալ մակարդակի կրթական ծրագրի (ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայություն) բացակայությամբ պայմանավորված՝ ուսում են ստանում այլ բնակավայրի հաստատությունում:

Տրանսպորտային ծառայությունների ծախսերի դիմաց փոխհատուցումը տրվում է փաստացի հաճախումների հիման վրա` համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1242-Ն որոշմամբ սահմանված կարգի։

Ընդունված որոշմամբ կատարվել է նաև ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշների ճշգրտում՝ հաշվի առնելով այս տարվա սեպտեմբերից շահառու հանդիսացող անձանց փոփոխությունը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական