«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․
«Սառցե մազեր․ հազվագյուտ երևույթ, որը թվում է կախարդանք»։
Բաշկիրական «Յանգան-Տաու» գեոպարկի աշխատակիցները հազվագյուտ բնական երևույթ են լուսանկարել։ «Սառցե մազեր» կամ «մազոտ սառույց» ձևավորվում է միայն որոշակի պայմաններում և նման է իրական սպիտակ մազերի կույտերի:
Ինչպես պարզաբանում են մասնագետները, այս երևույթի ձևավորման համար անհրաժեշտ են Exidiopsis effusa սնկով վարակված փտող փայտանյութ, օդի ցածր ջերմաստիճան և բարձր խոնավություն։ Կարևոր է նաև գրեթե լիակատար անհողմությունը, քանի որ նույնիսկ թեթև քամին հեշտությամբ կոտրում է սառցե թելերը։
«Մազային սառույցի» ձևավորման գործում առանցքային դեր են խաղում սնկերը՝ դրանցում պարունակվող լիգնիններն ու տանինները, որոնք դանդաղեցնում են սառույցի բյուրեղային կառուցվածքի վերակառուցումը։ Արդյունքում՝ սառչող ջուրը չի միաձուլվում մեկ ամբողջական կեղևի մեջ այլ ձևավորում է նրբագեղ մանրաթելեր, կարծես սառույցը «աճեցնում է» իր սեփական մազերը: