Հասարակություն

Կաթողիկոսի հրավիրած Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստն անվավեր է. Եպիսկոպոսաց հայտարարություն

Կաթողիկոսի հրավիրած Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստն անվավեր է. Եպիսկոպոսաց հայտարարություն

Մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ.

«Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Գերագույն Հոգևոր Խորհրդի մի շարք անդամների տեղեկացրել է, որ Հայրապետական տնօրինությամբ դադարեցրել է Գերագույն Հոգևոր Խորհրդի (այսուհետ՝ ԳՀԽ) կազմում նրանց լիազորությունները` չնշելով հիմքերը և պատճառները։

Սրբազանների մի մասը ԳՀԽ անդամ է ընտրվել չորս տարի ժամկետով 2017 թվականի հունիսի 6-8-ը Մայր Աթոռում հրավիրված Եկեղեցական-Ներկայացուցչական Ժողովի (այսուհետ՝ ԵՆԺ) կողմից։

Ըստ վերոհիշյալ կանոնադրության՝ երկու տարին մեկ անգամ պետք է հրավիրվի ԵՆԺ ժողով և ԳՀԽ կանոնադրության համաձայն՝ չորս տարին լրացած անդամի լիազորությունները դադարելու դեպքում պետք է կատարվի ԳՀԽ անդամների նոր ընտրություններ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի լիազորությունների սահմաններում երկու տարին մեկ պետք է հրավիրվեր ԵՆ ժողով և կատարվեր ԳՀԽ անդամների նոր ընտրություններ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործադիր իշխանության մարմինը շարունակել է գործել՝ խախտելով ԳՀԽ կանոնադրությունը։ Բնականաբար, հարցեր են առաջանում՝ մասնավորապես 2021 թվականից սկսած ԳՀԽ-ի գործունեության իրավազորության և կայացրած որոշումների օրինականության վերաբերյալ։ ԵՆԺ և ԳՀԽ կանոնադրություններում բացակայում են նաև այն կարգավորումները, որոնք կարող են հիմք ծառայել Եկեղեցու բարձրագույն մարմինների ժողովների չհրավիրման համար։ Այս ամենը ևս մեկ անգամ վկայությունն է Գարեգին Բ Կաթողիկոսի միանձնյա, կանոնախախտ գործունեության, որը հանգեցրել է Մար Աթոռի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման ճգնաժամի։

Վերստին հիշեցնում ենք, որ եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներիս կողմից բազմիցս բարձրաձայնվել են Եկեղեցու թերի կառավարմանը վերաբերող լրջագույն խնդիրները և մեր վերջին հանրային հայտարարություններում մատնանշվել են դրանց հանգուցալուծման հնարավորությունները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգստյան կոչելու, նոր կանոնադրություն մշակելու և ընդունելու՝ հիմնվելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության և Առաքելության վրա։

Հաշվի առնելով ԵՆԺ և ԳՀԽ կանոնադրությունների կոպիտ և կամայական խախտումները, այս մարմինների գործունեության լիազորությունների չարաշահումները, պարզ է դառնում, որ սույն թվականի դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրված Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստն անվավեր է, իսկ 2021 թվականից հետո այս մարմնի կայացրած որոշումները կարող են դիտարկվել ոչ իրավաչափ:

Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ներկայիս ԳՀԽ գործունեությունը և նոր անդամների նշանակումը՝ մինչև ԵՆ նոր ժողովի հրավիրումը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական