Դեկտեմբերի 20-ին և 21-ին ARARAT թանգարանում կանցկացվեն «Բաց դռների օրեր»։ Մուտքն ազատ է։
Այս տարի, ի լրումն հայկական կոնյակի պատմությունն ու ստեղծագործական նրբությունները բացահայտող դասական շրջայցի, այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու «Վարպետության եզրերը» ժամանակավոր ցուցադրությանը, որը կիրականացվի Հայաստանի ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ:
Այստեղ ներկայացված կլինեն Հայաստանի ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուից հայկական ժանյակի և մետաղի գեղարվեստական` ցանցահյուսազարդ (ֆիլիգրան) տեխնիկայով ստեղծված եզակի նմուշներ:
«Այս ցուցադրությունը վարպետության էության մասին է՝ այն անտեսանելի շնորհքի, որը ժամանակի, համբերության և նվիրումի միջոցով նյութը վերածում է արվեստի։ Վարպետությունն է, որ ձևավորում է հայկական կոնյակը՝ տարիների փորձով և խնամքով, և նույն վարպետությունն է, որ թել առ թել հյուսում է հայկական նուրբ ժանյակը։ Թեև տարբեր նյութերից ծնված, դրանք խոսում են միևնույն լեզվով՝ ստեղծագործ վարպետության լեզվով»,- ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
«ARARAT-ի հարկի ներքո այս առարկաների ներկայացումն ունի շատ խորհրդանշական բնույթ, քանի որ ARARAT-ի ստեղծած արդյունքը ևս ճաշակի, աշխատասիրության` համբերատարության խտացում է: Թանգարանային այս առարկաների հյուրընկալումն այստեղ ստեղծում է մի նոր մշակութային մթնոլորտ»,- նշում է ցուցադրության համադրող Նարեկ Վան Աշուղաթոյանը:
«Վարպետությունը միայն հմտություն չէ, այլ մտածողություն, արժեհամակարգ և սերնդեսերունդ փոխանցվող աշխարհայացք։ Այստեղ հատվում են այն եզրերը, որտեղ ավանդույթն ու նորարարությունը չեն բաժանվում, այլ միավորվում են՝ ձևավորելով ինքնության և ստեղծարարության նորացված պատմություն»,- ասում է Հայաստանի ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը։
Դեկտեմբերի 20-ին և 21-ին ARARAT թանգարանի խանութում կգործեն հատուկ գներ։