ՔՊ-ն իշխանության գալուց հետո առաջին անգամ պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նրա խոսքով, նախորդ ընտրությունները եղել են արտահերթ, և ընտրացուցակները վարչությունը կազմել է հապճեպ. «Այժմ մեզ համար նոր իրավիճակ է կուսակցությունում, և հապճեպ չենք որոշելու ընտրացուցակը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ առաջարկել են ինքնառաջադրումներ անել։ Ըստ Սարգսյանի, դեկտեմբերին վարչությունը կորոշի թեկնածուներին ու համագումարի հաստատմանը կներկայացնի։
«300-350 հոգի կլինեն թեկնածուները»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է իր թեկնածությունը մերժելուն, Սարգսյանն ասել է. «Ինձ կուսակցությունը, ոնց մյուս թեկնածուներին, հրավիրել է, կարճ քննարկման արդյունքում հաջորդ օրն ինձ տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ թեկնածությունը։ Այս պահին ունեմ երկու ճանապարհ՝ գնալ տուն ու չլինել հաջորդ ցուցակում, և երկրորդ, բողոքարկել վարչության որոշումն՝ իրացնելով իմ կուսակցական իրավունքները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը՝ բողոքարկելու վարչության որոշումը»։
Թե ինչու են իրեն մերժել, Սարգսյանն ասել է. «Ես իմ գործունեությամբ «ցավացրել եմ» որոշ մարդկանց»։
Հայկ Սարգսյանը նաև նշել է. «Ինչ վերաբերում է լուրերին, ապա ասեմ, որ Տիգրան Ավինյանը չի մասնակցել այդ նիստին, դեմ չի եղել։ Տիգրան Ավիյանն իմ ընկերն է, նաև բանավոր խոսքում ասել է, որ ցավում է որոշման համար, եթե ինքը տեղում լիներ, կքվերակեր կողմ»։