Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Պետական նպաստների մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում: Հարցն ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ:
Առաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով ծրագիրն ունեցել է դրական արդյունք: 2018 թվականին ընտանիքում երրորդ եւ հաջորդ կարգաթվով ծնված երեխաների թիվը կազմել է շուրջ 8.300, 2023 թվականին՝ 12.400-ից ավելի, իսկ 2024 թվականին՝ 12.000: «Ունեցել ենք 45 տոկոս աճ եւ տարեկան միջինում 7 տոկոս ցուցանիշի աճ»,- նշել է փոխնախարարը:
Երկրորդ առաջարկը վերաբերում է միանվագ ծննդյան նպաստին: «Քանի որ երրորդ եւ հաջորդ երեխա ունեցող ընտանիքների համար աջակցության ծրագիրը դառնում է պետական նպաստ, միաժամանակ առաջարկում ենք ծննդյան միանվագ նպաստի չափերի հետ կապված համահարթեցում կատարել: Այսօրվա դրությամբ 1-ին եւ 2-րդ երեխայի համար տրվող 300.000, 3-րդ ու 4-րդ երեխայի համար տրվող 1 մլն եւ 5-րդ ու հաջորդ երեխայի համար տրվող 1.5 մլն դրամի փոխարեն բոլորի համար սահմանել նույն չափը՝ 500.000 դրամ»,- ընդգծել է Դավիթ Խաչատրյանը:
Նախատեսվում է, որ միանվագ ծննդյան նպաստից եւ 3-րդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստից կարող են օգտվել այն դեպքում, եթե երեխան ՀՀ քաղաքացի է: Քաղաքացիության պահանջն առաջարկվում է կիրառել 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ համահարթեցմանը վերաբերող կարգավորումը՝ սկսած 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հաջորդ առաջարկը վերաբերում է պետական նպաստների եւ կենսաթոշակների վճարմանը: Կառավարությունը վճարման կարգի եւ եղանակի վերաբերյալ կարգավորումներ տալու լիազորություն կունենա: Խոսքը վերաբերում է կենսաթոշակների եւ նպաստների՝ ամբողջությամբ անկանխիկ եղանակով վճարմանը. այն կգործի 2026 թվականի ապրիլի 1-ից: «Ավելի քան 660.000 կենսաթոշակառու եւ նպաստ ստացող քաղաքացիներից շուրջ 58.000-ը ստանում են կանխիկ եղանակով: Նրանց համար Կառավարությունը կսահմանի սահուն անցման մեխանիզմներ»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Զեկուցողը կարծիք է հայտնել, որ պետական քաղաքականության միջոցով բյուջեում տեղաբաշխում է իրականացվում: Պատգամավորի խոսքով միջազգային փորձը ցույց է տալիս, որ ընտանիքներն ամենաշատն առաջին երեխայի դեպքում են աջակցության կարիք ունենում: Այժմ առաջին եւ երկրորդ երեխաների դեպքում հատկացվում է 300.000 դրամ, առաջարկվում է այն բոլորի համար դարձնել 500.000 դրամ:
Անկանխիկ եղանակով վճարումների մասով էլ Զարուհի Բաթոյանը կարծիք է հայտնել, որ ծառայություններն ու ծրագրերն այնպիսին պետք է լինեն, որ բոլոր քաղաքացիների համար անկանխիկ վճարման գործընթացը հասանելի լինի:
«Հայաստան» խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանը հակասոցիալական է որակել փոփոխությունը, նշել, որ ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում վատանում է: Ըստ նրա՝ ընտանիքում այսօր ծնված երրորդ երեխան եւ 2026 թվականի սեպտեմբերից հետո ծնված երրորդ երեխան էապես տարբեր դրաման աջակցություն են ստանալու պետությունից, ինչը, իր կարծիքով, սխալ է:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է վերջին տարիներին ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերին, այդ համատեքստում կարեւորել նաեւ այս նախաձեռնությունը:
Հարցուպատասխանի ու ելույթների ձեւաչափում առաջարկ է հնչել, որ իրենց երեխաների քաղաքացիությունը փոխող քաղաքացիները վերադարձնեն պետությունից ստացած գումարը: Անդրադարձ է եղել կարգավորման սոցիալական բաղադրիչին, ժողովրդագրական եւ ծնելիության աճի, խոցելի խմբերին պատկանող քաղաքացիների կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ եղանակով վճարելուն առնչվող խնդիրներին:
Նշվել է, որ չեն համապատասխանում իրականությանը այն լուրերը, թե, իբրեւ, 2026 թվականի հունվարից կենսաթոշակառուներն անկանխիկ եղանակով փոխանցված կենսաթոշակը պետք է իրացնեն անկանխիկ:
Եզրափակիչ ելույթում փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ընդգծել է, որ ժողովրդագրական ծրագրերն ուղղված են երեխա ունեցող ընտանիքներին եւ պայմանավորված չեն ընտանիքի կարգավիճակով, դա պետության կողմից խրախուսում է ընտանիքին:
Քննարկված նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ: