Հասարակություն

Պապոյանը նշել է, թե ինչ է հարկավոր մրցունակ արտադրանք ստեղծելու համար

Պապոյանը նշել է, թե ինչ է հարկավոր մրցունակ արտադրանք ստեղծելու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 15-ին, նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ, կայացել է «ՀՀ արտաքին առևտրի մրցունակության հիմնախնդիրները» թեմայով հետազոտության շնորհանդեսը։ Հետազոտությունը համատեղ իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների վարչության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանը, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի այլ ներկայացուցիչներ։

«Հետազոտությունները հնարավորություն են տալիս ավելի հստակ պատկերացնել զարգացման ուղղությունները, գնահատել ռիսկերը և բացահայտել խոչընդոտները։ Այդ գործընթացում բուհերի և հետազոտական կենտրոնների հետ համագործակցությունը մեզ համար առանցքային նշանակություն ունի։ Մրցունակ արտադրանք ստեղծելու համար ևս կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումներով և անորոշությամբ, այլ հիմնվել վերլուծության և հետազոտության վրա»,- նշել է Պապոյանը։

Շնորհանդեսի ընթացքում հանգամանորեն անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին առևտրի ոլորտում առկա հիմնական միտումներին, մասնավորապես՝ գործընկեր երկրների հետ Հայաստանի առևտրային համաձայնագրերին, ինչպես նաև արտահանման մաքսային, տեխնիկական և լոգիստիկ խոչընդոտներին։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արտահանման ապրանքային և աշխարհագրական կառուցվածքին, արտահանման համեմատական առավելություններին, ինչպես նաև ՀՀ ներգրավվածությանը գլոբալ արտադրական շղթաներում։ Ապրանք–երկիր բացվածքով ներկայացվել է Հայաստանի արտաքին առևտրի մրցունակության ինդեքսը՝ ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի և այլ երկրների համատեքստում։

Շնորհանդեսի ներկայացմանը հաջորդել է հետազոտության քննարկումը, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ներկայացված հարցերի շուրջ, ներկայացրել առաջարկություններ և դիտարկումներ։ Կողմերը պայմանավորվել են շարունակական դարձնել տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը միտված համատեղ հետազոտական նախագծերի իրականացումը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական