Հասարակություն

«Խոսրովի անտառ»-ում շարունակվում են էկոկրթական միջոցառումները

«Խոսրովի անտառ»-ում շարունակվում են էկոկրթական միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

Արգելոցապարկային Համալիր ՊՈԱԿ-ում
Դեկտեմբերի 11-ին՝ Լեռների միջազգային օրվա առիթով, Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը կրթական-բնապահպանական միջոցառում անցկացրեց Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների հետ։
Միջոցառման ընթացքում ուսանողները ծանոթացան լեռնային էկոհամակարգերի կենսաբազմազանությանը, Հայաստանի լեռնաշղթաների աշխարհագրական ու կենսաբանական արժեքներին, ինչպես նաև մարդու ազդեցությամբ ձևավորվող խնդիրներին։ Քննարկվեց նաև էկոտուրիզմի զարգացումը, դրա հնարավորությունները և բնապահպանությունն ու զբոսաշրջությունը համատեղելու ուղիները։
Ուսանողները մասնակցեցին թեմատիկ քննարկումների և ներկայացրին իրենց գաղափարները՝ ուղղված լեռների պահպանությանն ու կայուն օգտագործման խթանմանը։
«Ջրվեժ» անտառպարկում «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը կազմակերպեց «Թափոնների վերաիմաստավորում» բնապահպանական մրցույթ-նախագիծը, որի նպատակն էր խրախուսել թափոնների ստեղծարար վերաօգտագործումը և աջակցել թռչնաշխարհի պահպանությանը։
Մրցույթին մասնակցեցին Աբովյանի թիվ 2 և թիվ 7 դպրոցների աշակերտները՝ ներկայացնելով տարբեր թափոնային նյութերից պատրաստված թռչնաբներ։ Ստեղծված աշխատանքները տեղադրվեցին անտառպարկի տարածքում՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանությանն ու կենսավայրերի բարելավմանը։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում
«Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի՝ «Կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի շրջանակում, Բնության համաշխարհային հիմնադրամի և «Պրոպարկ» ընկերության միջև կնքված պայմանագրով, ՊՈԱԿ-ի «Արևիք» և «Շիկահող» մասնաճյուղերի աշխատակիցները մասնակցեցին Կապանում կայացած հանդիպումներին, որոնք միտված էին աշխատակիցների կարողությունների գնահատմանը։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում հյուրընկալվեցին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակներն ու դասակարգումը, շրջակա միջավայրի վրա մարդկային ներգործության արդյունքում առաջացող էկոհամակարգերի խաթարումներն ու հետևանքները, Սյունիքի մարզի՝ ԶԿՀ ենթակայության տակ գտնվող ԲՀՊՏ-ները, կենսաբազմազանության էությունն ու ոչնչացման գործոնները, դրա անխաթարության պահպանմանը միտված միջոցառումները, ինչպես նաև մարդ-բնություն կապի ամրապնդումն՝ էկոզբոսաշրջության միջոցով։

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում
Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում անցկացվեց «Արփի լիճ» ազգային պարկի մասին գիտելիքների խորացմանն ուղղված էկոկրթկան դաս։
Դասընթացի նպատակն էր երեխաներին ներկայացնել Արփի լճի ազգային պարկի կենսաբազմազանությունը, նրա առանձնահատուկ արժեքները և պահպանության նշանակությունը։
Աշակերտները քննարկեցին բնապահպանական խնդիրներ, ուսումնասիրեցին թեմատիկ նյութեր և դիտեցին ուսուցողական տեսանյութեր։
Դասընթացը դարձավ տարվա կրթական նախաձեռնությունների գեղեցիկ եզրափակում՝ ընդգծելով բնությանը մոտեցնող ուսուցման կարևորությունն ու շարունակական բնապահպանական գիտակցության ձևավորումը։

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից Խոսրովի անտառ պետական արգելոցին հատկացված միջոցներից երկու ամենագնաց ավտոմեքենաներ են գնվել, ինչը կդյուրացնի արգելոցի թե վարչական , թե դաշտային աշխատանքները։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում շարունակվում են էկոկրթական միջոցառումները՝ Մրգավանի միջնակարգ դպրոցի 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները այցելեցին թանգարան:
Աշակերտներին ներկայացվեց արգելոցի պատմությունը, ջրագրությունը, տուրիստական երթուղիները, հազվագյուտ ու անհետացող բուսատեսակներն ու կենդանատեսակները, ինչպես նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը։
Arloopa հավելվածի միջոցով նրանք լուսանկարվեցին ընձառյուծի հետ։

Աշակերտները այցելեցին նաև Խոսրով տեղամաս:
Հայաստանի բնության պետական թանգարան ՊՈԱԿ-ում
«Մաքուր պահենք մոլորակը» խորագրով միջոցառում անցկացվեց նվիրված թափոնների խնդրին և շրջակա միջավայրի պահպանությանը։ Մասնակիցները ծանոթացան թափոնների տեսակներին, դրանց ճիշտ տեսակավորման ու վերամշակման կարևորությանը, ինչպես նաև քննարկվեց մարդու դերը բնության պահպանության գործում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական