Ապարանում քամու ուժգնացումը վնասներ է պատճառել քաղաքի ամանորյա զարդարանքին։ Մոտ մեկ կիլոմետրանոց ճեմուղու հսկայական զարդարանքն ու փայտյա հենասյուներն ընկել են։ Նշվում է, որ լուրջ վնասներ չեն կրել տոնածառը, հարթակը, կամուրջը, որոնք ամանորյա զարդարանքի մաս են կազմում։
«Ճանապարհներին զգոն եղե՛ք»,- ֆեյսբուքյան իր ջում գրել է Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Տեղում իրականացվում են տապալված ծառի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ։ Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվում են: