Դեկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Մոսկվա 1869 չվերթի ուղևորներ՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էդգար Ա․-ի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 32-ամյա Վահագն Թ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Ոստիկանության «Զվարթնոց» բաժնի ծառայողները ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով օդանավակայանի մեկնման սրահի ստերիլ գոտուց Էդգար Ա․-ին և Վահագն Թ․-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության «Զվարթնոց» բաժին։ Դեպքի փաստով նշված բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։