Դեկտեմբերի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ դպրոցում, ռազմագիտության դասաժամին պտտաձողից վայր ընկելու հետևանքով «ձախ անմրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել անչափահաս տղա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ անչափահասը Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտ 13-ամյա Լ․ Հ․-ն է։
Կայքի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանները ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզել են, որ Լ․ Հ․-ն մարմնական վնասվածքն ստացել է «Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում դասընկերոջ, Սյունիքի մարզի բնակիչ 13-ամյա Դ․ Մ․-ի հետ ֆիզիկական ուժի մրցման ժամանակ գետնին ընկնելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։