Առողջապահության նախարարությունից հայտնում են․
Շարունակելով մասնագիտական համայնքի հետ հանդիպումները` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համընդհանուր ապահովագրության բարեփոխման ընթացիկ աշխատանքներն է ներկայացրել բժշկական համայնքի ավելի քան 600 ներկայացուցիչների:
Նրանց կազմում եղել են երևանյան և մարզային բուժհաստատությունների ղեկավարներ, բաժանմունքի ղեկավարներ, առողջապահության կազմակերպիչներ:
Անահիտ Ավանեսյանը տեսապատկերի միջոցով ներկայացրել է Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ամբողջ գործընթացը՝ ռազմավարական ուղղություններից մինչև տրամադրվելիք բուժծառայությունների ու սքրինինգների ցանկ, առաջին փուլով համակարգին միացող քաղաքացիների խմբերից մինչև ապահովագրավճարի չափի ու դրա փոխհատուցման մեխանիզմներ։
Միջոցառմանը անանուն հարցեր ուղղելու հնարավորություն է եղել, որին տեղում անդրադարձել է նախարարը:
Հաջորդող պանելային քննարկմանը նախարարի խորհրդատուները ներկայացրել են Հայաստանում հիվանդացության և մահացության ցուցանիշների վրա անդրադարձող հիվանդությունների կանխարգելման և վերջին տարիներին դրանց բարելավմանը միտված աշխատանքներին, մասնավորապես` սրտանոթային, ուռուցքաբանական հիվանդություններին, շաքարային դիաբետի կառավարմանը:
Այս ձևաչափով հաջորդ հանդիպումը` առողջության պահպանման առաջնային օղակի հետ: