ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը։
«Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման՝ իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի երկրորդ կետը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունմանը։
«Եվ ուզում եմ ընդգծել, որ այս օրակարգը, ըստ էության, պաշտոնապես արձանագրված է հենց Մայր Աթոռի կողմից։ 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի արդարադատության նախարարությունում գրանցվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությունը, որի մեջ ասվում է հետևյալը․ «Մոտ ապագային կազմվելու է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կանոնադրություն, որը հանդիսանալու է հիմնական արժեքը նրա նվիրապետական ամբողջ կառույցի»։
Այսինքն՝ ըստ էության, ի՞նչ է ստացվում։ Կտրիճ Ներսիսյանի՝ կաթողիկոսի կարգավիճակում հայտնվելուց 12 տարի անց դեռևս կանոնադրությունը, համապատասխան համապարփակ կանոնագիրքը չկա, և 2011 թվին ասում է՝ մոտ ապագայում դա կընդունվի։ 2011 թվից էլ անցել է ևս 14 տարի։ Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ և, ըստ էության, այս ապականոնական վիճակը դիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում և ընկալում չլինի, և տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում։
Հետևաբար, շատ կարևոր է, որ ՀԱԵ-ն Կտրիճ Ներսիսյանի հեռացումից և տեղապահի ընտրությունից անմիջապես հետո անցնի նոր կանոնագրքի մշակմանը և ընդունմանը, որտեղ հստակ, թափանցիկ կանոններ կգործեն, որոնք էլ հասկանալի ու տեսանելի կլինեն ոչ միայն հոգևորականներին, այլև հանրությանը։ Այսինքն՝ կլինեն հրապարակային և մեզ բոլորիս պարզ կլինի, թե եկեղեցին ինչ կանոններով և արժեքներով է ապրում և որոնք են դրանց նկատմամբ հանրային և ոչ միայն հանրային ներքին վերահսկողության մեխանիզմները»,- նշել է Փաշինյանը։