ՔԿՀ-ում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի. հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Առաջին անգամ եմ սրա մասին խոսում. Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել»,- ասել է նա՝ հավելելով, որ պետք է օր առաջ հարցը լուծվի։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ լրագրողներին հայտնել է, որ իր իրավաբանը կներկայանա Աջապահյանին ու նրանից համապատասխան դիմում կվերցնի. «Որևէ բյուրոկրատական քաշքշուկ չկա և չի կարող լինել, եթե խոսքը վերաբերում է անձի առողջությանը։ Ընդամենը պետք է, որ անձը դիմում ներկայացնի, և այդ դիմումը կքննարկվի, կներկայացվի պատասխանը, և կձեռնարկվեն միջոցներ, որ ձեռնարկվում են անձի առողջության պահպանման համար։
Դիմումը որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել, ես հանձնարարել եմ, որ եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես ներկայացվի դիմումը, մեր իրավաբանն այսօր կմոտենա տեղում իրեն, դիմումը կվերցնի ու կներկայացնի ՊՈԱԿ-ին»։
Խոսելով անհապաղ վիրահատության կարիք ունենալու մասին, նա նշել է. «Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ արձանագրված։ Այն պահին, այն ժամանակ, երբ կներկայացվի դիմում, համապատասխան գործիքակազմը գործի կդրվի, ու անձը կստանա իր համար ցանկալի բուժօգնություն ու սպասարկում»։ Նա նաև նշել է, որ անազատության մեջ գտնվող ցանկացած անձի առողջությունը պետության հոգածության տակ է։