Հասարակություն

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը, գրառում է կատարել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը` ուղերձ հղելով Սպիտակի երկրաշարժի տարելիցի օրը։ 

«1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ողբերգություն, որն ընդհանուր դարձավ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար: Այդ օրը հանրապետության հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, պաշտոնական տվյալներով, խլեց 25 հազար մարդու կյանք։ Տուժեցին Լենինականը (այժմ՝ Գյումրի), Կիրովականը (այժմ՝ Վանաձոր) և ավելի քան 300 բնակավայրեր, իսկ աղետի էպիկենտրոնում գտնվող Սպիտակ քաղաքը հիմնահատակ ավերվեց։ Աղետն ազդել է Հայաստանի տարածքի շուրջ 40 տոկոսի վրա։ Աղետի գոտում է հայտնվել մոտ 1 մլն մարդ։

Տեղեկանալով արտակարգ իրավիճակի մասին՝ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Ս. Գորբաչովն ընդհատել է պետական այցը ԱՄՆ և մեկնել Հայաստանի ավերված շրջաններ: Ստեղծվել էր կառավարական հանձնաժողով՝ աղետի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները համակարգելու համար, որի ղեկավարն էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ն.Ի. Ռիժկովը։

Տուժածներին առաջինը օգնության են հասել ԽՍՀՄ զինված ուժերի և ՊԱԿ-ի սահմանապահ զորքերի ստորաբաժանումները։ Նույն օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց բարձրակարգ բժիշկներից և ռազմադաշտային վիրաբույժների կազմված բժշկական խումբ: Ընդհանուր առմամբ, փրկարարական աշխատանքներին, կամավորներից բացի, մասնակցել են ավելի քան 20 հազար զինվորներ և սպաներ: Մի քանի օրվա ընթացքում հանրապետությունում տեղակայվել է 50 հազար վրան և 200 դաշտային խոհանոց։ Փլատակների մաքրման ժամանակ օգտագործվել է ավելի քան 3 հազար միավոր ռազմական տեխնիկա։ Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցել են բոլոր խորհրդային հանրապետությունները։

2008թ. Ն.Ի.Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում: Երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած խորհրդային զինվորների հիշատակը հավերժացավ 2015թ. Սպիտակում տեղադրված հուշարձանով: Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը»,- ասվումէ ուղերձում:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական