Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Վերջին ամիսներին հետևողականորեն վերականգնում ենք հանրային շահը և պետության իրավունքները՝ տարիներ առաջ մասնավորին տրամադրված անտառային ու բնապահպանական տարածքների նկատմամբ։
2025 թվականի օգոստոսի 7-ին Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Նորք-Մարաշում՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող մոտ 1.773 հա հողամասը (կադաստրային արժեքը՝ 1,044,444,159 դրամ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ այն հետագայում «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացնելու և անտառային հողի նպատակային նշանակությամբ կայուն կառավարում ապահովելու նպատակով։ Քննարկում ենք նաև Երևանի բնակիչների կյանքի որակի բարձրացման ծրագրեր, որոնց շրջանակում նախատեսվում է անտառապատում և անտառվերականգնում՝ ստեղծելով մոտ 7 հա նոր անտառպուրակ։
Նույն տրամաբանությամբ, 2025 թվականի նոյեմբերի 27-ին Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին, որի արդյունքում պետության տիրապետմանը ու օգտագործմանն է վերադարձվում 13․068 հա տարածք՝
5329,91 հա՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին,
4118 հա և 3620 հա՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։
Որոշման համար հիմք է հանդիսացել Դատախազության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, կատարված ուսումնասիրությունը:
Բացի այդ, Կառավարությունն ընդունել է նաև «Գույքի նվիրատվությունն ընդունելու և ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է ընդունել Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Գառնի գյուղում գտնվող 0,11 հա հողամասի նվիրատվությունը ՀՀ-ին և այն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ հետագա ապօրինի օտարումը կամ այլ խախտումները բացառելու նպատակով։
Այս քայլերը մեկ ընդհանուր քաղաքականության մաս են՝ պետությանն ու հանրությանը վերադարձնել այն, ինչը պետք է ծառայի բնության պահպանությանը, կայուն կառավարմանը և մեր քաղաքացիների առողջ ու անվտանգ կենսամիջավայրին»։