Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին, դրանով նախատեսվող գործողություններին և միջոցառումներին, որոնք միտված են լինելու զբոսաշրջային նոր ուղղությունների ձևավորմանը, արտագնա և ներգնա զբոսաշրջության զարգացմանը, նոր շուկաների թիրախավորմանը։
Ծրագրով նախատեսվում է հետևողական քայլեր իրականացնել ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների զարգացման, միջազգային հայտնի ապրանքանիշների մուտքի ապահովման, Հայաստանի միջազգային գրավչության բարձրացման, որակյալ ծառայությունների մատուցման ուղղություններով։ Նշվել է, որ ռազմավարական ծրագրով նախատեսվում է տարեկան Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլնի՝ 2024 թվականին արձանագրված 2,2 մլնի փոխարեն։
Մտքեր են փոխանակվել նաև նախատեսվող միջոցառումների արդյունավետության ապահովման, ինչպես նաև զբոսաշրջային բնագավառի հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի հետևողական զարգացումը և նշել, որ պետք է նոր ազդակ հաղորդել արդեն իսկ հաջողություն արձանագրած միջոցառումներին և ծրագրերին։ Միաժամանակ, երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել ակտիվորեն շարունակել պատմամշակութային հուշարձանների վերականգնման ծրագրերը, որոնք ևս կարող են էական ազդեցություն ունենալ զբոսաշրջության խթանմանն ու նոր ուղիների ձևավորմանը։
Քննարկման արդյունքներով՝ ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը։