Կառավարության որոշմամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգին հատկացվող գումարն ավելացվել է ևս 2.16 մլրդ դրամով: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թվականին պլանավորված էր շուրջ 8 մլրդ 673 մլն 771 հազար 400 դրամ: «Մենք առաջարկում ենք լրացնել գումարը ևս շուրջ 2,16 մլրդ դրամով, ինչը նշանակում է, որ միայն կամավոր ատեստավորման համակարգին 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 մլրդ դրամ: 2018 թվականից ի վեր ուսուցիչների ֆոնդն էլ զգալիորեն աճել է 2025 թվականի նկատմամբ: Եվ միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 մլրդ դրամով աճ է գրանցել 2018-ի համեմատությամբ, ինչը նշանակում է, որ 67 տոկոս աճ ունենք 2018-ի նկատմամբ: Միայն կամավոր ատեստավորման համակարգը 10 մլրդ դրամ հատկացում է ստանում այս տարի: Իսկ 2026 թվականի պետբյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին, այսինքն՝ ուսուցիչների աշխատավարձը սրա վրա հաշվարկված չէ, ավելի քան 20 մլրդ դրամ է հատկացվելու, և 2024 թվականի համեմատությամբ կրկնակի ավելի է այն բյուջեն, որն ուղղում ենք ուսուցիչների խրախուսման ծրագրերին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ նշելով, որ նաև տարակարգի վերափոխված մեխանիզմով մինչև 50% հավելավճարի, բնագիտական և ՏՏ առարկաներ դասավանդող ուսուցիչների՝ 25% հավելավճարի, գյուղական փոքր դպրոցներում ևս մինչև 50% հավելավճարի հնարավորությունների մասին:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այսօր արդեն 700 հազար դրամ ստացող ուսուցիչները մեր իրականության մաս են: Նախարարը հայտնել է նաև, որ 2025 թվականին ատեստավորման համար դիմել է ավելի քան 8400 ուսուցիչ, որից ավելի քան 7200-ը կամ 84%-ը մասնակցել է գործընթացին։ Դեռևս առանց բողոքարկման արդյունքների հաշվարկման՝ ատեստավորման անցողիկ շեմը հաղթահարել է 4852 մասնակից՝ 67.2%-ը։
ԿԳՄՍ նախարարը նշել է նաև, որ նախորդ տարվանից ատեստավորումը էլեկտրոնային եղանակով է անցկացվում, իսկ այս տարի՝ նաև բողոքարկման գործընթացը:
Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հասկացա, որ նման ցուցանիշ նախկինում չենք ունեցել, երբ ատեստավորման շրջափուլում դրական արդյունք արձանագրածների այդքան մեծ թիվ լինի, որովհետև ես հիշում եմ ի սկզբանե շատ փոքր թվեր էին: Սա նշանակում է, որ պրոցեսները լրջացել են, և ուսուցիչներն իրենք էլ ավելի պատրաստված են գալիս: Ուսուցիչներն ավելի շատ ժամանակ են տրամադրում իրենք իրենց, և դա արդեն իսկ մեր կրթական որակի վրա ունենալու է դրական ազդեցություն, որովհետև իմ ընկալումն այն է, որ հնարավոր չէ սովորեցնել առանց սովորելու»: