Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս պետությանը վերադարձվել է 174 մլն 545 հազար դոլարին համարժեք 66 մլրդ 250 մլն դրամ արժեքով գույք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Ըստ Աննա Վարդապետյանի՝ այս 11 ամիսների ընթացքում վերադարձրել են 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ ՀՀ բոլոր մարզերում, որոնք չափվում են հեկտարներով:
Գլխավոր դատախազի խոսքով՝ վերադարձվել են նաև դրամական միջոցներ: «Անցյալ տարի դեկտեմբերի 5-ին Կառավարության որոշմամբ ստեղծվել էր վերականգնված միջոցների միասնական հաշիվը, որի վրա վճարվում են բոլոր դրամական վերականգնումները՝ բացառությամբ հարկային ոլորտին վերաբերող վերականգնումներին, որոնք վճարվում են հարկ վճարողների միասնական հաշվին: Ուղղակի նշեմ, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ օրս 20 մլրդ 678 մլն դրամ փաստացի մուտք ունենք վերականգնված միջոցների միասնական հաշվին»,- ասել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ հավանաբար 66 մլրդ դրամը, կավելանա, որովհետև անցյալ շաբաթվա որոշմամբ 2 մեծ հողատարածք վերադարձվել է Շրջակա միջավայրի նախարարությանը :
Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ ՇՄՆ-ին ամրացված այս գույքերը 49 տարով անժամկետ՝ անհատույց օգտագործմամբ, հանձնվել էին «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին. «Այս կապակցությամբ դատախազությունը պետական շահերի պաշպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրություն է արել, և հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին քրեական գործ է քննվում: Այն վերաբերելի է Արարատի մարզի նախկին մարզպետին, և ըստ էության, հողատարածքը տրամադրվել է ՀՀԿ անդամի, և տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի վարորդին և Արարատի նախկին մարզպետին: Այս անձինք 49 տարի պետք է անհատույց օգտագործեին 13 հազարից ավելի հեկտար տարածք»: Աննա Վարդապետյանը նշել է, որ այս հողատարածքներն ամբողջությամբ վերադարձվել եմ ՀՀ-ին՝ առաջիկայում կգնահատվեն այս երկու հողատարածքները ևս, և կներկայացվեն հանրությանը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է վերադարձվող գույքերի վերաբերյալ ամենատարբեր ձևաչափերով հանրությանն իրազեկելու կարևորությունը: «Ըստ էության մենք կարող ենք արձանագրել, որ դե յուրե մեխանիզմն ամբողջությամբ գործարկված է և այսօր, ի տարբերություն, ենթադրենք, հինգ տարի առաջվա՝ ամենօրյա մեր աշխատանքում ջանքեր չենք գործադրում, որովհետև ինստիտուցիոնալ լուծումները դրված են և ինստիտուտներն իրենց գործը պետք է անեն և անում են։ Այդ գործընթացն անընդհատ, ամենօրյա ռեժիմով աշխատում է։ Եթե Կառավարության նիստի է հասել, դա նշանակում է, որ ավարտվել է գործընթացը, մենք չենք խոսում ընթացքի մասին: Այսինքն՝ ժամանակ է տևում, բայց մեկ է, դա անշրջելի է արդեն»,–ասել է վարչապետը մեկ անգամ ևս արձանագրելով՝ համակարգը, ինստիտուտն ամբողջությամբ ներդրված է և այսօրվա դրությամբ աշխատում է։
Աննա Վարդապետյանն էլ իր հերթին նշել է. «Մեխանիզմը պետք է դառնա ինքնաշխատ, այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում մենք ստիպված ենք դեռևս գրագրություն շրջանառել։ Մենք ամենօրյա ռեժիմով անընդհատ գրագրություն ենք վարում և աշխատում ենք։ Ինձ համար շատ ցանկալի կլիներ, որ սա լիներ թվային: Այսինքն՝ անկախ նրանից, որ մենք միմյանց գրություններ կգրենք կամ իրար հետ այս թեմայով կաշխատենք, թե չէ, գույքերն ավտոմատ գրանցվեն»։
Գլխավոր դատախազը նշել է նաև՝ հուսադրող է այն, որ մարդիկ էլ են ապօրինի հողազավթումների մասին ամենօրյա ռեժիմով տեղեկացնում, հատկապես մանկապարտեզների հետ կապված. «Մենք այս պահին կենտրոնացած ենք անտառային տարածքների վրա, Սևանի ավազանի վրա, պուրակների վրա, մանկապարտեզների դպրոցների վրա: Հաշվի առնելով, որ Կառավարությունը լուրջ միջոցներ է ծախսում դպրոցաշինության և նախակրթական հաստատությունների շինարարության վրա՝ մենք ցանկանում ենք թեկուզ գույքային առումով ներդրում ունենալ և օգնել Կառավարությանը։
Հիշեցնեմ, որ Դիլիջանում երկու մանկապարտեզ ենք արդեն այս ընթացքում վերադարձրել, Խաշթառակում մանկապարտեզի մի հատվածն ենք վերադարձրել և Տավուշի մարզի գյուղերից մեկում բավական մեծ տարածքով առողջարան է, որը գտնվում է մեր ուսումնասիրության ներքո։ Այս գործընթացն այլևս անշրջելի է, որովհետև մարզի դատախազներն էլ ամենօրյա ռեժիմով այս գործընթացն են իրականացնում»։
Վարչապետն ընդգծել է՝ ապօրինի օտարված, սեփականաշնորհված ամեն մի գույքի հետևից, ինչպես խոստացել են, սկզբունքորեն հատիկ առ հատիկ պետք է գնան և գնում են։