Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ճեպազրույցում անդրադարձել է Զորական գյուղում անչափահաս տղայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին։ Ծեծկռտուքի մասնակիցներից մեկն էլ Արթիկի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի որդին է։
«Եկե՛ք արձանագրենք, որ այն իրողությունը, որն ունենք այսօր, դրական է այն առումով, որ քրեակատարողական ծառայության աշխատակցի երեխան նույնիսկ կարող տեղափոխվել հիմնարկ՝ խափանման միջոց կրելու»,-ասել է Սրբուհի Գալյանը՝ հավելելով՝ նույնիսկ համակարգի աշխատողի ընտանիքի անդամները անձեռնմխելի չեն և չեն կարող լինել։
Նախարարի խոսքով՝ մեղադրյալը իր պատժամիջոցը անցկացրել է այնքան, որքան դատարանն է նշանակել. «Եթե չեմ սխալվում, 20 օրվա մասին է խոսքը։ Իսկ հոր հետ կապված կասեմ, որ լիազորությունների դադարեցման կոնկրետ հիմքեր կան, բայց քանի դեռ չեն ստացվել տվյալներ, որ հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը, ազդել է նախաքննության վրա, մենք չենք դիտարկել պաշտոնավարման դադարեցման հարց»,-շեշտել է նա։