Հասարակություն

Մենք չենք ասում՝ ընդհանրապես հերքեք. Շահրամանյանի փաստաբան

Մենք չենք ասում՝ ընդհանրապես հերքեք. Շահրամանյանի փաստաբան

Այսօր Երևանի քաղաքացիական դատարանում մեկնարկել է Սամվել Շահրամանյանն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի դատը․ Շահրամանյանը պնդում է, որ իրեն զրպարտել են՝ ասելով, թե ինքը լուծարել է ԼՂՀ-ն։

Սամվել Շահրամանյանը ճեպազրույցում չի անդրադարձել հարցերին. «Ես կանդրադառնամ ձեր բոլոր հարցերին հաջորդ դատական նիստին, երբ ինձ հնարավորություն կտան որպես վկա հարցաքննվելու, և կներկայացնեմ իմ դիրքորոշումները։ Ես  այսօր չեմ ուզում այդ հարցերին անդրադառնալ»,- ասել է նա։

Նրա փոխարեն ճեպազրույցում հարցերին պատասխանել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը. «Դասագրքում տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի՝ Արցախի նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու հրամանագիրը, չի համապատասխանում իրականությանը»,-ասել է փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ ստորագրվել է նաև այն  չեղարկելու հրամանագիրը, չնայած՝ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ հրամանագիրը ուժ չեն ունեցել․ «Դրանք հրամանագիր կամ փաստաթուղթ, որպես այդպիսին, չեն համարվել, քանի որ պաշտոնական տեղեկագրում չկան»,-ասել է Ռոման Երիցյանը՝ հավելելով՝ իրենց պահանջում չեն ասում, թե ընդհանրապես պետք է հերքել, որ Արցախի նախագահը ստորագրել է նման հրամանագիր. «Ասում ենք՝ տեղեկությունը ներկայացրեք ամբողջությամբ, նշեք սպանդի շարժառիթը, նշեք, որ նախագահը չունի լիազորություն, նշեք, որ այդ հրամանագիրը եղել է հակասահմանադրական, և վերջապես նշեք, որ այն չեղարկվել է, ինչ շարժառիթով է այն կայացվել, որ ապագա սերունդը դրա վերաբերյալ ունենա տեղեկատվություն»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական