Հասարակություն

ՀՀ ԱԺ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ

ՀՀ ԱԺ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի պաշտոնատար անձը Ա. Կ.-ից մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է ստացել:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացը սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը՝ սկզբում, իսկ մնացած գումարը՝ գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց:

Բացի այդ՝ պարզվել է, որ ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահը ՀՀ ԱԺ նույն պաշտոնատար անձին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ Երևան քաղաքում գտնվող դպրոցներից մեկի՝ վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը՝ պետության կողմից հիշյալ ՍՊ ընկերությանն անհատույց տրամադրելու և դրա վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով ընկերության հիմնադիր-նախագահը 2021 թվականին մաս-մաս, որպես կաշառք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին է տվել ընդհանուր՝ 23․000 ԱՄՆ դոլար և 300․000 ՀՀ դրամ, իսկ վերջինս 2023 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է հիշյալ ընկերության հիմնադիր-նախագահի կողմից իրեն ներկայացված առաջարկն ու կից փաստաթղթերը:

Վերը նշված արարքների համար ԱԺ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական