Ազգային ժողովը նոյեմբերի 2-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրինագիծն ու կից երկու տասնյակից ավելի օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Դրա ընդունմանը կհաջորդի ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ փուլային ձեւաչափով ներդրվելու է ընդհանրական համակարգ, որն ապահովելու է բոլոր քաղաքացիների առողջական հիմնական կարիքների բավարարումը: Համակարգը համընդհանուր է, ներառելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների եւ ամեն անհատի ամբողջ առողջապահական կարիքները: Այն ուղղված է հիմնական հիվանդացության եւ մահացության բեռ հանդիսացող հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը:
Նախարարը ներկայացրել է օրենսդրական փաթեթի կարգավորման շրջանակն ու հասկացությունները: Սահմանվելու են ապահովագրական հիմնական հասկացությունները, ապահովագրական հիմնադրամի հասկացությունը: Համակարգը նախատեսվում է ներդնել երեք տարվա ընթացքում:
2026 թվականին առաջին փուլով կապահովագրվեն բնակչության երկու խմբի պատկանող անձինք, առաջինը՝ մինչեւ 18 տարեկան երեխաները, 65 եւ ավելի տարիքի, 18-65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող, ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները եւ անապահովության 28-ից ավելի միավոր ունեցողները: Նրանք ապահովագրվելու են պետության կողմից եւ ապահովագրավճարը պետական բյուջեի շրջանակում վճարելու է պետությունը:
Հաջորդը 200.000 դրամից ավելի աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ ունեցող քաղաքացիներն են: 200.000-ից 500.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 129.600 դրամ, որն ամսական 10.800 դրամ է կազմում: Վճարումն ամսական կտրվածքով է իրականացվելու է: Վերջիններս «Զինապահ» հիմնադրամին այսօր վճարվող 5.500 դրամի փոխարեն վճարելու են 1000 դրամ, մնացած 4500 դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը: Սոցիալական կրեդիտների շրջանակում 200.000-ից 500.000 դրամ ստացող քաղաքացիներն ամսական մինչեւ 6000 դրամի շրջանակում կարողանալու են գումարի վերադարձ ստանալ:
Նախարարի խոսքով այս տարում վերոնշյալ խմբերի համար ֆինանսական հավելյալ բեռ չի առաջանա:
500.000 դրամից մեկ միլիոն աշխատավարձ ստացողները 1000 դրամ կվճարեն «Զինապահ» հիմնադրամին, իսկ 7500 դրամը կուղղեն «Առողջության ապահովագրության» հիմնադրամին: Վերջիններս սոցիալական կրեդիտների շրջանակում հետ կստանան ամսական մինչեւ 4000 դրամ:
Մեկ միլիոնից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները շարունակելու են «Զինապահին» վճարել 15.000 դրամը եւ սոցիալական կրեդիտի շրջանակում ստանալ միայն 4000 դրամը:
«Մեր ապահովագրական փաթեթի արժեքը՝ ապահովագրավճարը, ըստ էության, ֆիքսված է եւ նույնական բոլոր քաղաքացիների համար: Ամեն մարդ վճարում է իր ապահովագրության եւ կոնկրետ փաթեթի համար: Որպեսզի ունենանք սոցիալական համերաշխության սկզբունքի պահպանում, այսինքն՝ նվազ եկամուտներ ունեցող քաղաքացիների եւ բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ֆինանսական նույնական բեռ չթողնենք, Կառավարությունը որոշել է նման սուբսիդավորման համակարգ ներդնել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
2028 թվականի հունվարի մեկից վերջնական փուլը մեկնարկում է եւ 2029 թվականին բնակչության ճնշող մեծամասնությունը պետք է ունենա առողջության համընդհանուր ապահովագրություն:
«Մեր հանձնառությունն է այս համակարգի շնորհիվ վեր հանել խնդիրները, լուծել եւ ապահովել մեր քաղաքացիներին առողջության իրավունքով»,- արձանագրել է նախարարն ու հարցուպատասխանի ձեւաչափով պարզաբանել համակարգի ընձեռած հնարավորությունները, մանրամասնել տարբեր խմբերի շահառուների համար առաջարկվող ծառայությունների շրջանակը: