Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձել է իր ծառայության դադարեցման հնարավորությանը։
«Ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դադարեցնելու համար դիմել միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում։ Բայց կարող է հասնել պահը, երբ ես զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելուն, ինչպես նաև կարող է օգնել, որ մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն»,-ասել է նա և ընդգծել՝ եթե ինքն է հարցի օբյեկտիվ քննությանը խանգարողը, ապա ցանկացած լուծման պատրաստ է։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ եկեղեցական իշխանությունը կարող է գնահատել՝ անհրաժեշտ է դադարեցում, թե ոչ։
Անդրադառնալով իրեն վերագրվող տեսագրության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթին, նա նշել է. «Այս գործը պետք է հարուցել ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, այլ՝ իմ նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով։ Իմ անձնական գաղտնիքը խախտված չէ, խախտված չէ նաև իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Դուք պետք է գտնեք այն անձանց, ովքեր հորինել են այս տեսագրությունը և ովքեր տարածել են։ Իհարկե, ես չեմ»։
Արշակ արքեպիսկոպոսը նաև նշել է. «Ինձ համար բացարձակապես անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգևորականները իրավունք չունեն անձնական կյանքի։ Դա ընդամենը էլեմենտար անգրագիտություն է՝ անկախ նրանից՝ դա ով է ասում։ Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը, ոչ իրավական՝ այլ զուտ հոգևոր մեկնաբանությունների դաշտում»։