Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։ Այս մասին ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել է Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան։
«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին»,- ասվում է պատասխանում։