Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցվացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ԵՄ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրների տրանսպորտի նախարարների նիստին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով։
Նախարարն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում տրանսպորտը կարևոր դեր է խաղում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման գործում։ Տրանսպորտային ենթակառուցվածքների ներդրումներն ապագայի ներդրումներն են՝ շարժունակության, տնտեսական կայունության և երկարաժամկետ զարգացման մեջ։
«Այս առումով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ավտոճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ, իրականացվում է «Հյուսիս - Հարավ» մայրուղու կառուցման ներդրումային ծրագիրը, որը ձգվում է Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից մինչև Վրաստանի Հանրապետության սահման՝ 556 կմ նախագծային երկարությամբ»,-նշել է նախարարն իր ելույթում։
Խուդաթյանը նկատել է, որ Ռազմավարական տրանսպորտալոգիստիկ նախագիծ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու զարգացումը՝ Հարավային Կովկասը վերածելով Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև առանցքային տարանցիկ հանգույցի:
«Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը և TRIPP նախագծի իրականացումը, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղադրիչներից մեկն է, կդառնա տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատման առանցքային գործոններից մեկը»,- ասել է նախարարը` հավելելով, որ Հայաստանն իր աջակցությունն է հայտնում «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու» համակարգման հարթակի հետագա ամրապնդմանը և նպատակահարմար է գտնում ընդլայնել դրա գործառնականությունը։