ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք, որտեղ ընթացքի մեջ է ոչխարաբուծական ֆերմայի կառուցումը։ Նախարարը համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանի և ֆերմայի սեփականատեր Արմեն Թարզյանի հետ շրջել է կառուցապատվող տարածքում ու ծանոթացել աշխատանքների ընթացքին։
Ֆերմայում նախատեսվում է պահել շուրջ 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղի տոհմային ոչխար՝ հետագայում գլխաքանակի ավելացման հեռանկարով։ Նախարարը ներկայացրել է անասնաբուծության ոլորտի պետական աջակցության գործիքակազմը, մասնավորապես՝ «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028թթ.» ծրագիրը, որով շահառուները կարող են ձեռք բերել բարձր մթերատու տոհմային կենդանիներ և ստանալ դրանց արժեքի մինչև 50%-ի փոխհատուցում։