Ամփոփվել են Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգողի թափուր աշխատատեղի համար ԿԳՄՍ նախարարության, «Գիտության և նորարարությունների գործընկերությունների աջակցության կենտրոն» հիմնադրամի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՀ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (European Education and Culture Executive Agency) հետ համագործակցությամբ 2025թ․ մայիսի 15-ին հայտարարված մրցույթի արդյունքները։
ԵՄ «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգողի պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Մարիանա Սարգսյանը: Նրա թեկնածությունը երաշխավորվել և նշանակումը հաստատվել է ԵՀ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության կողմից: Վերջինս մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը կիրականացնի «Էրազմուս+» ծրագրի խթանման, տեղեկատվության տարածման և հայաստանյան շահառուների մասնակցությանն աջակցության, ինչպես նաև մի շարք այլ գործառույթներ։
Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակն իր գործունեությունը կիրականացնի «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի շրջանակում, որն արդեն իսկ երկարամյա արդյունավետ փորձ ունի՝ որպես ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի (2021-2027) ազգային կոնտակտային անձանց ցանցի պաշտոնական համակարգող Հայաստանում՝ խորհրդատվություն տրամադրելով նաև հայաստանյան բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ԵՄ և միջազգային այլ դրամաշնորհային ծրագրերին մասնակցության մասին։
Բարձրագույն կրթության, գիտության և նորարարության ոլորտում Եվրոպական միության «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի հայաստանյան տեղեկատվական գրասենյակների աշխատանքների ներդաշնակեցումը կնպաստի նաև հայաստանյան ակադեմիական և գիտական համայնքների՝ եվրոպական կրթական և հետազոտական տարածքներին ինտեգրման գործընթացին։
Ներկայում ընթանում են «Էրազմուս+» ազգային գրասենյակի և վերջինիս կայքի ձևավորման աշխատանքները։ «Էրազմուս+» ծրագրին մասնակցությանը վերաբերող հարցերը կարելի է ուղղել erasmusplusneoarmenia@gmail.com էլ․ հասցեով: