Մեզնից շատերը գոնե մեկ անգամ կյանքում «ծանոթացել» են մեջքի սուր ցավին՝ չեն կարողացել կռանալ, նորմալ քայլել կամ նույնիսկ քնել։
Բայց քչերը գիտեն, որ մեջքի ցավի իսկական մեղավոր երբեմն կարող են դառնալ աղիները։
Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տալիս՝ խնդիրը կարող է շատ ավելի խոր լինել։
Գիտնականները խոսում են «աղիք–մեջք» կապի մասին։
Այնպես, ինչպես կա «աղիք–ուղեղ» կապ, այժմ բացահայտվում է «աղիք–ողնաշար» առանցքը։
2023-24թթ. հրապարակված մի քանի խոշոր հետազոտություններ ցույց են տվել, որ մարդիկ, որոնք տառապում են մեջքի քրոնիկ ցավով, սովորաբար ունեն աղիքային միկրոբիոմի խիստ աղքատ բազմազանություն։
Եթե աղիքներում «վատ» բակտերիաները գերակշռում են, ապա աղիների պատը դառնում է «ծակոտկեն». դրանից արյան մեջ են ընկնում բորբոքային մոլեկուլներ։ Այդ բորբոքումը տարածվում է ամբողջ օրգանիզմում և հասնում նաև մեջքին՝ դարձնելով նյարդերն ավելի զգայուն, իսկ սկավառակներն ու հոդերը՝ ավելի խոցելի։
Ավելին, փորկապությունը, գրգռված աղու համախտանիշը (IBS) և նույնիսկ սովորական փքվածությունը կարող են ուղղակիորեն «ճնշել» մեջքի ստորին հատվածը և առաջացնել ցավ։
Ի՞նչ ուտել, որ մեջքը դադարի ցավել
Սննդաբան Յինկա Թոմասը խորհուրդ է տալիս հետևյալը.
- Ամենակարևորը՝ օմեգա-3 ճարպաթթուներ. շաբաթը 2 անգամ կերեք յուղոտ ձուկ (սաղմոն, սարդինա, սկումբրիա) կամ ամեն օր 1 ճ.գ. չիայի սերմ։ 2022-ի հետազոտությունը ցույց է տվել, որ օմեգա–3-ը զգալիորեն նվազեցնում է մեջքի ցավը։
- Սառեցրեք և նորից տաքացրեք ածխաջրերը. եփած մակարոնը, կարտոֆիլը կամ բրինձը դրեք սառնարանը գիշերը, հետո նորից տաքացրեք։ Սառեցումը վերածում է սովորական օսլան «դիմացկուն օսլայի», որը սնունդ է դառնում լավ բակտերիաների համար և նվազեցնում բորբոքումը։
- Միջերկրածովյան սնննդակարգ. ավելի շատ բանջարեղեն, մրգեր, ընկույզ, ձիթապտղի ձեթ, ամբողջահատիկ հացահատիկներ։
- Խուսափեք շաքարավազ պարունակող գազավորված ըմպելիքներից, քաղցր հրուշակեղենից, ֆաստ-ֆուդից և ավելորդ կարմիր մսից։
Ի՞նչ անել հիմա, եթե մեջքդ ցավում է
- Քայլեք օրական գոնե 10-15 րոպե. 2023-ի հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթը 3-5 անգամ քայլելը կիսով չափ նվազեցնում է մեջքի ցավի կրկնվելու ռիսկը։
- Զգույշ եղեք երկարատև ցավազրկողներից (Իբուպրոֆեն և այլ NSAID). դրանք գրգռում են աղիքների պատը։
- Փորձեք թեթև շրջանաձև մերսում որովայնի վրա. դա օգնում է փորկապության և փքվածության դեմ։
- Խմեք բավարար ջուր և ընդունեք վիտամին D (հատկապես ձմռանը)։
Աղիքները և մեջքը շատ ավելի սերտորեն են կապված, քան մենք կարծում էինք։