2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտ է ներառել նաև նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունը։ Պետական եկամուտների կոմիտեն «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում ստեղծել է հաշվարկային փաստաթղթում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն առանձին ֆայլով կցելու հնարավորություն։ Այդ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում կարելի է ներառել նաև ազգային օպերատորի е-Mark invoice բջջային հավելվածով։ Ի դեպ, ծածկագրերը կցելիս համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է նույնականացման միջոցների վավերականությունը։
Եթե ստացողը ստորագրում է հաշվարկային փաստաթուղթը, ապա նույնականացման միջոցները տնօրինելու, հաշվարկային փաստաթղթում դրանց մասին տեղեկատվություն ներառելու և շրջանառությունից հանելու իրավասությունն անցնում է ստացողին։ Այդ իրավասությունը մատակարարողից ստացողին է փոխանցվում նաև ինքնաշխատ եղանակով՝ ապրանքների մատակարարման պահից 48 ժամ անց, ինչպես նաև, եթե ստացողը e-Mark invoice հավելվածի միջոցով ստուգում և հաստատում է ծածկագրերի մասին տեղեկատվությունը։ Նշենք, որ հավելվածը հնարավորություն է տալիս միաժամանակ սկանավորել մեկից ավելի ծածկագրեր։
Ի դեպ, եթե կազմակերպությունը կամ պետական մարմինը ծխախոտային արտադրանքը կամ ալկոհոլային ապրանքները ձեռք է բերել սեփական կարիքների համար և չի նախատեսում դրանք վերավաճառել, ապա «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում հնարավորություն է ստեղծվել Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշում կատարել։ Նշումը հաստատելուց և հաշվարկային փաստաթուղթը ստորագրելուց հետո, ապրանքների ծածկագրերն ինքնաշխատ կերպով ստանում են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ։
Միևնույն ժամանակ, այն տնտեսվարողները, որոնք գործունեություն են իրականացնում հյուրանոցային, ռեստորանային կամ նմանատիպ այլ ոլորտներում, նույնականացման միջոցներով ապրանքները վաճառում են մասնատելով և այլն, ապա ծածկագրերը շրջանառությունից կարող են հանել ազգային օպերատորի մեկ այլ՝ e-Mark Receipt տեղեկատվական հավելվածի միջոցով։