Հասարակություն

Տերևներն այրելու վտանգները․ ինչու է պետք խուսափել այս սովորությունից

Տերևներն այրելու վտանգները․ ինչու է պետք խուսափել այս սովորությունից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են.

«Աշնանը տարածքը մաքրելու հեշտ ձև համարելով` շատերը չոր տերևներն ու ընձյուղները այրում են։ Սակայն, տերևների այրումը ոչ միայն անօրինական է, այլև լուրջ վնաս է հասցնում ձեր իսկ առողջությանը, բնությանը և շրջակա միջավայրին։

Վտանգավոր քիմիական նյութերի արտանետում

Չոր տերևները այրվելիս մթնոլորտ են արտանետում թունավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել գլխացավ, շնչահեղձություն, հազ, ալերգիա և ծանրացնել ասթմայի և սրտանոթային հիվանդությունների ընթացքը։

Օդի աղտոտում և մառախուղ

Տերևների այրումը նույնիսկ փոքր տարածքներում կարող է բարձրացնել օդում վտանգավոր միկրոմասնիկների քանակը։ Դրանք երկար ժամանակ կախված են մնում օդում և վատացնում տեսանելիությունը ու օդի որակը՝ հատկապես բնակելի տարածքներում։

Էկոլոգիական վնաս

Տերևների այրումը`

  • վատթարացնում է հողի բնական բերրիացումը,
  • ոչնչացնում է օգտակար միկրօրգանիզմները,
  • վնասում է միջատներին ու կենդանիներին, որոնք ապաստան են գտնում տերևների տակ։

Հրդեհների բարձր ռիսկ

Անգամ թույլ քամին կարող է կայծը տեղափոխել այլ տարածք և առաջացնել անտառային կամ խոտածածկ տարածքների մեծ հրդեհ։ Հաճախ են դեպքերը, երբ խեշոր հրդեհներ սկսվում են հենց տերևների անզգուշորեն այրումից։

Ի՞նչ անել փոխարենը

  • Տերևներն օգտագործել հումուս կամ կոմպոստ պատրաստելու համար,
  • Թողնել ծառերի տակ՝ որպես բնական պարարտանյութ,
  • Տեղափոխել համայնքային աղբավայր կամ թափոնների վերամշակման տարածքներ։

Հարգելի քաղաքացինե´ր,

Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է նաև օրենքով:

Խախտման դեպքում.
Քաղաքացիների նկատմամբ - նախազգուշացում կամ 50.000 դրամ տուգանք, պաշտոնատար անձանց նկատմամբ - 200.000 դրամ տուգանք»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական