Այսօր՝ նոյեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ վիրավոր քաղաքացի կա, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 12-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները, փրկարարները ու պարեկները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերած քաղաքացուն նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարները ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո բժիշկները նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը կամրջից անզգուշաբար վայր ընկնել է, թե ինքնասպանության փորձ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Երևանի 22-ամյա բնակիչ է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում։