Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում առաջին անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը, որի եզրափակիչ փուլին 128 դպրոցական է մասնակցել ՀՀ մարզերից և Երևանից, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մրցումներին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք։
Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը. յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ: Այս փուլում առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները մրցել են համապատասխանաբար 8x50 մետր և 8x100 մետր փոխանցումալող և ազատ ոճ մրցաձևերում՝ խառը կազմով (4 աղջիկ և 4 տղա):
3-6-րդ դասարանների պայքարում հաղթող է ճանաչվել Երևանի հավաքական թիմը, երկրորդ լավագույն արդյունքը ցույց են տվել Շիրակի թիմի ներկայացուցիչները, լավագույն եռյակը եզրափակել են Կոտայքի դպրոցականները։ Այս տարիքային խմբի ներկայացուցիչների պարգևատրումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
7-12-րդ դասարանների պայքարում լողատարածությունն առաջինը հաղթահարել են Երևանի թիմի անդամները, երկրորդ տեղը զբաղեցրել են Շիրակի, իսկ երրորդ տեղը՝ Լոռու թիմերը։ Այս տարիքային խմբի ներկայացուցիչների պարգևատրումն իրականացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մրցաշարին ավելի քան 1040 դպրոցական է մասնակցել, որից 710-ը՝ մարզերում։
Պարգևատրման արարողությունից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել հաղթողներին և անդրադարձել մարզերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման կարևորությանը։ Նրա խոսքով՝ կա քաղաքական որոշում բոլոր խոշորացված համայնքներում առնվազն 25 մետրանոց լողավազաններ հիմնելու վերաբերյալ :
Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ «Վարչապետի գավաթ» լողի մրցաշարը նոր խթան կհանդիսանա լողով զբաղվող աշակերտների համար, որոնք ավելի մեծ ջանքեր կներդնեն միջազգային մրցաշարերում արդյունքներ ապահովելու ուղղությամբ:
Խոսելով Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սպորտի ոլորտում խնդիր է դրված մինչև 2050 թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկի մեդալ։
«Ես հույս ունեմ, որ այդ ոսկի մեդալներից առնվազն մեկը կլինի լողից, և մենք պետք է բոլորս ձգտենք այդ նպատակին»,-հավելել է Վարչապետը:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մրցաշարի իրականացման առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերից անցկացվող մրցաշարերը լուրջ ներուժ ունեն։
«Երբ խոսում էինք այս մրցաշարի մասին, չէի մտածում՝ հազարից ավելի երեխաներ կմասնակցեն նախնական փուլերին։ Վստահ եմ, որ սա դեռ ամբողջ ներուժը չէ, և յուրաքանչյուր նոր լողավազանի գործարկմամբ երեխաների թիվը մեծանալու է։ Իսկ նոր լողավազանների կառուցումը կասկած չի հարուցում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հիշեցրել՝ մասնավորի հետ համագործակցությամբ տիպային մարզահամալիրների ծրագիրն առաջին փուլով իրականացվում է ՀՀ Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում․ այդ համալիրների կարևոր բաղադրիչներից մեկը լողավազանն է։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ արդեն ավելի քան 20 հազար դպրոցականներ մասնակցել են «ՀՀ վարչապետի գավաթի» տարբեր մարզաձևերի մրցաշարերին։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այս թիվն ավելին է, քան նախորդ տարիներին, բայց միանշանակ կա նաև աճի ներուժ։
«Պետք է ձգտենք նրան, որ յուրաքանչյուր երեխա զբաղվի որևէ մարզաձևով և մասը դառնա նմանօրինակ միջավայրերի։ Սրանք ոչ միայն սպորտի, այլև նոր ընկերներ ձեռք բերելու, պայքարի, թիմային ոգին, դիմադրողականությունն ու կամքը զարգացնելու կարևոր հարթակներ են»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու շնորհակալություն է հայտնել երեխաների մասնակցության համար մեծ ջանքեր ներդրած ուսուցիչներին և մարզիչ-մանկավարժներին։
Միջոցառման շրջանակում շնորհակալագրերով և հուշանվերներով են պարգևատրվել «Լողի հայկական դաշնություն» ՀԿ նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ղեկավար Վարդան Զաքարյանը, Հայաստանի արտիստիկ լողի ֆեդերացիայի նախագահ Մարգարիտա Ղազարյանը։ Պարգևատրումն իրականացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
Մրցաշարի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, հուշանվերներով մեդալներով և դրամական պարգևներով:
Թիմերի դրամական պարգևների գումարը համամասնությամբ կբաժանվի հավաքական թիմի անդամների դպրոցների միջև՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույքի ձեռքբերման նպատակով:
1-ին տեղը զբաղեցրած թիմը կպարգևատրվի 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2մլն 500 հազար դրամով, իսկ 3-րդ տեղը՝ 1 մլն 500 հազարդրամով։ Մրցանակային տեղեր գրաված աշակերտները ևս կստանան դրամական պարգևներ․ 1-ին տեղում գտնվող ութական մասնակիցները կստանան 150,000-ական դրամ, 2-րդ տեղում՝ 100,000-ական դրամ, իսկ 3-րդ տեղում՝ 75,000-ական դրամ։ Պարգևատրում է նախատեսված նաև հավաքական թիմերի պատասխանատուների՝ մարզիչների կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար․ 1-ին տեղի համար նրանք կստանան 150,000 դրամ, 2-րդի համար՝ 100,000 դրամ, իսկ 3-րդի համար՝ 75,000 դրամ։