«Դիլիջան» ազգային պարկը հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Հայտարարության մեջ նշվում է․
«Սեզոնին բնորոշ չոր և երբեմն քամոտ եղանակային պայմանների հետևանքով էապես բարձրացել է խոտածածկ և անտառային տարածքներում հրդեհների առաջացման վտանգը։ Այս պայմաններում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն, խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները և ձեռնպահ մնալ խոզանների, չոր խոտի ու բուսական մնացորդների այրումից։
Մի այրեք չոր խոտը-մի այրեք բնությունը։ Չոր խոտի այրումը առաջին հայացքից կարող է անշեշտ թվալ, սակայն այն բերում է անդառնալի հետևանքների․ դուք ոչնչացնում եք անտառային ու մարգագետնային կենդանիների, միջատների, թռչունների և նրանց ձագերի կենսամիջավայրը։ Վառելով չոր խոտը՝ ոչնչացնում եք բույսերի սերմերը և հողի վերին շերտում առկա սննդանյութերը՝ նպաստելով ոչ պիտանի բուսատեսակների տարածմանը։
Խաթարվում է հողի բնականոն կառուցվածքը, որի վերականգնումը պահանջում է երկար տարիներ։ Այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում վնասակար գազեր, որոնք աղտոտում են օդը և վնասում առողջությանը։
Հիշեցում. ըստ ՀՀ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի՝ արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդները, չորացած բուսականությամբ տարածքները, ինչպես նաև արոտավայրերի և խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում։
Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․
- Խարույկ վառեք միայն հատուկ թույլատրված և համապատասխան կերպով հարմարեցված վայրերում։
- Երբեք մի թողեք խարույկը առանց հսկողության․ հեռանալուց առաջ համոզվեք, որ այն ամբողջությամբ մարված է։
- Մի նետեք վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ խոտածածկ և անտառային տարածքներում։
- Մի թողեք ապակյա կամ լույս անդրադարձնող առարկաներ բնության գրկում․ դրանք կարող են արևի ճառագայթների ազդեցությամբ առաջացնել հրդեհ։
- Կրակի կամ ծխի նշաններ նկատելու դեպքում անմիջապես զանգահարեք 911՝ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն։
- Պահպանենք բնությունը՝ պաշտպանելով այն հրդեհներից։
Բնությունը մեր ընդհանուր տունն է․ յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է վտանգել այն»,- նշվում է հայտարարության մեջ։