Բերդի համայնքապետարանից հայտնում են․
Բերդ քաղաքի Մովսես Խորենացի փողոցում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու ընթացքում միջին բրոնզեդարյան խեցեղեն է հայտնաբերվել. գտածոները շուրջ 4000 տարվա պատմություն ունեն:
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը նշել է, որ գտածոների հայտնաբերման հատվածում միջին բրոնզեդարյան շրջափուլի հիմնահողային դամբարան է բացվել:
Օրեր առաջ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելիս՝ շինարարները խեցեղեն են գտել և անմիջապես տեղեկացրել «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Նա բանվորների օգնությամբ հողի շերտից դուրս է բերել 3 անոթ: Համայնքապետարանն այդ հատվածում դադարեցրել է աշխատանքները:
Իսկ այսօր պեղումներ է իրականացրել ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:
Նրա գնահատմամբ՝ «Սա իսկապես դամբարան է, հիմնահողային դամբարան, որը շատ բնորոշ է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին: Մենք բազմաթիվ դամբարաններ ունենք, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն, զարդեր, աշխատանքային գործիքներ, անասունների զոհաբերությունների մասին վկայող գտածոներ, սակայն մարդկային կմախքներ չեն հայտնաբերվել, քանի որ այդ ժամանակաշրջանում տարածված է եղել դիակիզումը: 4000 տարի առաջ արդեն Հայկական լեռնաշխարհն այն տարածքն էր, որտեղ հնդեվրոպական ցեղերի տեղաշարժ էր կատարվում: Եվ ահա Բերդի փողոցներից մեկում դամբարան է բացվել: Շատ գովելի է, որ շինարարներն անմիջապես տեղեկացրել են: Հիմա փորձում ենք այս ամենը փրկել և թողնել պատմությանը: Ցանկանում էինք Բերդի թանգարանում ցուցադրություն կազմակերպել, և շատ ուրախալի է, որ նյութը համալրվեց նոր գտածոներով: Կարող ենք փաստել, որ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը այս տարածքում միշտ ապրել են մեր նախնիները»:
Այս պահի դրությամբ հայտնաբեվել են 5-ից ավելի անոթներ, որոնց մի մասը գունազարդ է, ինչպես նաև զոհաբերված կենդանիների՝ մեծ քանակությամբ ոսկորներ:
«Դրանք հավանաբար շուրջ 60-70սմ բարձրությամբ անոթներ են եղել: Մասնագիտական գրականության մեջ դրանց երբեմն հիդրիաներ են անվանում՝ ջրամաններ: Գունազարդ անոթների նարնջագույն մակերեսի վրա սև ներկով արված նախշեր են: Կենդանական և խորհրդանշային աշխարհն այդ անոթների վրա երևում է, այդ իսկ պատճառով դրանք շատ հետաքրքիր տեղեկատվություն են տալիս: Նման անոթներ կան Արարատյան դաշտում, Վանի ավազանում, Կարնո դաշտում: 4000 տարի առաջ ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքը պատմամշակութային ընդհանրություն էր ներկայացնում»,- հավելել է Աշոտ Փիլիպոսյանը:
Գտածոները հետագայում տեղ կգտնեն «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանում: